Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմա ավելի ցավոտ կլինի. տնտեսագետ

Blog Image

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջանական չի որոշել՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ գնալ ԵՄ։ Նա նաև չի հստակեցրել՝ բոլոր ռիսկերն արդյո՞ք հաշվարկվել են, քննարկումնել եղե՞լ են արդյոք, ի՞նչ են ասել փորձագետները։

Ուստի մենք ենք փորձել հասկանալ, թե որն է ՀՀ-ի համար տնտեսապես ավելի արդյուանվետ՝ ԵԱՏՄ-ն, թե՞ ԵՄ-ն։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է Tvyal.com-ի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։ 

Տնտեսագետի դիտարկմամբ՝ վարչապետի հայտարարությունն առաջին հերթին ունի քաղաքական ենթատեքստ, իսկ տնտեսական պատկերը միանգամայն այլ բան է ցույց տալիս։ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ունի քաղաքական ենթատեքստ, իսկ եթե տնտեսությունը նայենք, ապա այս կառավարության օրոք 2018 թվականից սկսած դեպի ԵԱՏՄ Հայաստանի արտահանումը 5 և ավելի անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ՝ 5%-ով կրճատվել: Այսինքն կարող են քաղաքական հարթակներում որոշակի հայտարարություններ անել, որոնք ունեն ներքին լսարանի համար նախատեսված նախընտրական ենթատեքստ, սակայն այս կառավարության օրոք տնտեսական արդյունքը՝ դեպի ԵԱՏՄ, ակնհայտ է և կախվածությունը ՌԴ-ից այս պահին ավելի մեծ է, քան 2018 թվականին, և եթե մենք ԵԱՏՄ-ից հրաժարվենք այս պահին, Հայաստանի տնտեսության համար ավելի ցավոտ կլինի, քան 2018 թվականին»,- ասաց տնտեսագետը։

Թավադյանը նաև նշում է, որ Հայաստանի տնտեսական աճի զգալի մասը կապված է հենց ԵԱՏՄ շուկայի և հատկապես Ռուսաստանի գործոնի հետ։

«Եթե դիտարկենք, օրինակ, 2022 թվականի 12,6% տնտեսական աճը, ապա դա կախված է Ռուսաստանի տնտեսության հետ։ 2022 թվականին մեծ քանակությամբ կապիտալ և աշխատուժ արտահանվեց ՌԴ-ից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որի արդյունքում հատկապես շահեցին հենց ՏՏ և բանկային ոլորտները։ Հիմա մեր 12,6 % տնտեսական աճի կեսը ապահովել են հենց ՏՏ և բանկային ոլորտը։ Մեր հիմնական պատրաստի արտադրանքի մեծ մասը արտահանվում է ՌԴ, այսինքն գյուղատնտեսական արտադրանքի՝ մրգերի, բանջարեղենի, պահածոների, կոնյակի մոտավորապես 90%-ը, ինչպես նաև պլաստիկների, դեղագործական ապրանքների զգալի հատվածը գնում է ԵԱՏՄ շուկա, և այս կառավարության օրոք այդ փոխկապակցվածությունն էլ ավել է ուժեղացել»,- նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ միաժամանակ երկու համակարգերին լիարժեք ինտեգրվելը գործնականում անհնար է։ «Դա հակասում է երկու միությունների համաձայնագրերին, որովհետև ՀՀ-ն դառնալու է տարանցիկ երկիր մի պետությունից մյուս պետություն՝ առանց մաքսատուրք ապրանքներ արտահանելու համար, և ոչ մի միության դա ձեռք չի տալիս։ Մենք պետք է հստակ ընտրություն կատարաենք»,- ասաց Թավադյանը։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը չի բացառում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն այլ ձևաչափով․ «Իհարկե, չպետք է դադարեցնենք համագործակցությունը ԵՄ-ի հետ, պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը, այնպես պետք է անենք, որ մեկ շուկայից կախված չլինենք, այլ ինչքան տարբեր ուղղություններով արտահանենք, ավելի լավ։ Սակայն այս կառավարության փորձը այլ բան է ցույց տալիս»։

Իսկ եթե Հայաստանը փորձի «երկու աթոռի վրա նստել», դա ավելի շատ ռիսկեր կբերի։

«Դա ավելի շատ քաղաքական հարց է. հստակ է, որ այդ հայտարարությունները արվում են զուտ քաղաքական հարթակում, իսկ տնտեսապես դեպի ԵԱՏՄ կախվածությունն ավելի է մեծանում»,- եզրափակեց խոսքը Աղասի Թավադյանը։

Ալիտա Եղիազարյան

Send