Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՔՊ պատգամավորուհին մոլորության մեջ է, նրան մոռացել են «շպառգալկա» տալ

Blog Image

Օրերս «Հետք» լրատվականի տաղավարում հարցազրույցի ժամանակ մինչև թավշյա հեղափոխությունը լրագրող աշխատած և հիմա ՔՊ պատգամավոր դարձած Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ադրբեջանից ուղիղ ճանապարհով՝ առանց տարանցիկ երկրների տարածքներից օգտվելու, հացահատիկ է ներկրում, դարձել է հանրային քննարկման և պարսավանքի առարկա։

Հատկապես քաղաքական շրջանակներում զարմացած են, թե ինչպե՞ս կարող է ՔՊ պատգամավորը առանց տեղեկացված լինելու Հայաստանի ենթակառուցվածքներից ու Ադրբեջանի հետ իր թիմի ստեղծած առևտրատնտեսական հաղորդակցության հնարավորություններից՝ նման անպատասխանատու հայտարարություն անել և պնդել, թե Ադրբեջանն ուղիղ իր երկրից դեպի Հայաստան ճանապարհ է ապաշրջափակել բեռնափոխադրումների համար։ Հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին ունեցած ձեռքբերումներին, նա լուրջ դեմքով խոսում է Ադրբեջանի կողմից «մասնակիորեն իր տարածքը որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր ապաշրջափակելու» մասին․ «Դուք գիտեք, որ մենք իրարից առևտուր ենք անում։ Ադրբեջանից ապրանք է ներկրվում Հայաստան։ Ադրբեջանն էլ Հայաստանից է  ապրանք ներկրում»։ 

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են այն ապրանքների ցուցակով, որոնք կարող են իրարից գնել։ Իր խոսքում ՔՊ պատգամավորը նաև խոսում է Հայաստանի շուկայի դիվեսիֆիկացման, բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհներ ստեղծելու մասին և Լարսի ճանապարհին որպես այլընտրանք նշում Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկիր։ 

«Ունենք մեկ այլ ճանապարհ, որով կարողանում ենք ապրանք ներկրել Հայաստան, Ադրբեջանից շատ կարևոր ռազմավարական նշանակության ցորեն ներկրել»,- իր խոսքում ասում է նա։

Հաղորդավարը հստակեցնում է՝ Վրաստանի  տարածքով, ոչ թե ուղիղ, Ադրբեջանից՝ Վրաստանի տարածքով, ինչին պատգամավորը բացասական պատասխան է տալիս․ «Չէ, չէ, չէ։ Ադրբեջանի տարածքով բերում ենք բեռներ»։ 

Հաղորդավարը մեկ անգամ էլ է հարցնում՝  Ադրբեջանից ուղիղ Հայաստա՞ն են բերում։ Եվ Հակոբյանը նորից պնդում է իր ասածը․ «Այո, բա ապաշրջափակումն ինչի՞ մասին է։ Բա որ ասում եմ Ադրբեջանը ապաշրջափակել է իր տարածքը որպես տարանցիկ երկիր, դրա մասին եմ խոսում»։ 

ՔՊ պատգամավորին հարցազրույցի ուղարկելուց առաջ գոնե չեն բացատրել, որ երկաթգծով բեռնափոխադրումներ իրականացնելու համար երկրների միջև առնվազն երկաթուղային գործող կապ պետք է լինի։ ԽՍՀՄ տարիներին երբեմնի գործող Ղազախ-Իջևան երկաթուղային գիծը վաղուց այլևս շահագործման համար պիտանի չէ։ Երկաթգծով անմիջականորեն Ադրբեջանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացնելու այլ ճանապարհ այս պահին գոյություն չունի, հետևաբար գնացքով հացահատիկ կամ այլ տեսակի ապրանք Ադրբեջանից չի կարող անմիջականորեն մուտք գործել Հայաստան։

Իր հարցազրույցում Հասմիկ Հակոբյանը, որպես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին ունեցած ձեռքբերում՝ խոսում է ԹՐԻՓ ծրագրի մասին, բայց փաստորեն չգիտի, որ հենց այդ ճանապարհը շահագործելու միջոցով է վերականգնվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած երբեմնի ուղիղ հաղորդակցությունը նաև երկաթուղու միջոցով, և այդ նպատակով նոր երկաթուղային ճանապարհ պիտի կառուցվի։ Եվ նաև այդ պատրվակով ՀՀ իշխանությունը՝ հանձին ՔՊ ղեկավարի, ստորագրել է Հայաստանի Սյունիքի մարզով ԹՐԻՓ ծրագրի իրականացման փաստաթուղթը, որին գովասանքի դիֆերամբներ էր ձոնում այդ նույն ՔՊ պատգամավորը Ստամբուլում, վերջերս կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ժամանակ՝ որպես ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։ Իր ելույթում տիկինը նշել է, որ Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվել են Վրաստանի տարածքով․  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաև պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկապվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է»: Եվ այսքանից հետո անգիրը վատ արած աշակերտի պես հարցազրույցի ժամանակ նա մառանում է Ստամբուլում կարդացած իր տեքստը և նման սայթաքում թույլ տալիս։ Գուցե հարցազրույցների ուղարկելիս էլ պատգամավորներին շպարգալկա տալու անհրաժեշտություն կա, որ եթերով մեկ խայտառակ չլինի ու խայտառակ չանի իր թիմին։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ միմյանց հետ «խաղաղության ձգտող» Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հաղորդակցության միջոցը հարևան Վրաստանի տարածքն է։ 

Այնուամենայնիվ, MediaHub-ը որոշեց Էկոնոմիկայի նախարարությունից հստակեցնել՝ Ադրբեջանից անմիջական բեռնափոխադրման ճանապարհ կա՞ դեպի Հայաստան։ Գուցե իսկապես Հասմիկ Հակոբյանը գաղտնի տեղեկատվության է տիրապետում, որն էլ գաղտնազերծել էր իր հարցազրույցի ժամանակ։ Բայց նախարարությունից ևս հայտնեցին, որ առայժմ Հայաստանն Արդբեջանին կապող այդպիսի ճանապարհ գոյություն չունի։ Նախարարությունից հիշեցրին, որ Ադրբեջանից հացահատիկով բեռնավորված առաջին գնացքը, որը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն», Հայաստան է ժամանել 2025 թվականի նոյեմբերի վեցին և Վրաստանի միջով հասել է «Այրումի» կայարան։ Հետագա բեռնափոխադրումները ևս իրականացվել են հենց այդ երկաթուղով։ Ի դեպ, Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց համապատասխան գերատեսչություններին, ևս տեղեկացնում են, որ Հայաստանի համար բեռնավորված վագոնները Բաքվի ծայրամասում գտնվող Բիլաջարի կայարանից են մեկնում և Բոյուկ-Քյասիկ կայարանով հասնում Վրաստան, որտեղից էլ արդեն ուղևորվում են Հայաստան։ 

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունում նաև տեղյակ չեն, թե ինչ ցուցակի մասին է խոսել ՔՊ պատգամավորը, որով իբրև Հայաստանը և Ադրբեջանը հստակեցրել են այն ապրանքների ցանկը, որոնք պետք է միմյանց համար արտահանեն կամ ներմուծեն։ «Մեր ձեռքի տակ նման տեղեկատվություն չկա»,- հայտնեցին նախարարությունից և խորհուրդ տվեցին հենց Հասմիկ Հակոբյանից ճշտել, թե ցուցակը որ գերատեսչությունների մակարդակով է կազմվել։ 

Թագուհի Ասլանյան

Send