Քաղաքական դաշտում նոր «ինտրիգներ» են հասունանում։ Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարվեց, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մտադիր է դատի տալ «Անկախ դիտորդ»-ին, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանին։
Իսկ ինչի՞ց սկսվեց այս ամենը. գանք սկզբից։ Օրեր առաջ Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին, քանի որ իրենք ենթադրյալ խախտումներ են հայտնաբերել հիմնադրամի գործունեությունում։
«Անկախ դիտորդ»-ը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում, դիտարկել է ապրիլի 19-ին Գյումրիում և 23-ին Երևանում տեղի ունեցած համերգները։ Ըստ նրանց՝ դրանց ծախսերը պետք է կատարվեին «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։
Այս ամենին հաջորդեց Աննա Հակոբյանի ասուլիսը, որի ընթացքում նա հայտարարեց Իոաննիսյանին դատի տալու մտադրության մասին։
MediaHub-ը դիմեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին՝ հասկանալու համար, թե ինչի՞ համար է այս ամենը տեղի ունենում՝ հերթական «շոու՞» է, թե՞՝ լուրջ քաղաքական գործընթաց։

Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ամենով փորձում են մի քանի խնդիր լուծել։ «Քանի որ այս պատմության երկու կողմի պերսոնաժներին վաղուց գիտենք, տեղյակ ենք, թե քաղաքական կամ հանրային դաշտի բարիկադների որ կողմում են գտնվում «վիճող» կողմերը։ Հաշվի առնելով նաև, թե որ ուժերին են սպասարկում նրանք, այստեղ կա օրակարգ ձևավորելու խնդիր։ Այսինքն՝ այս կերպ փորձում են ևս մեկ «թատրոնով» լցնել մեր հանրային և քաղաքական օրակարգը, որի նպատակը մեդիադաշտը դրանով լցնելն է, որպեսզի այլ օրակարգերը տեղ չունենան»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ «Անկախ դիտորդ» կառույցը, որը անկախ դիտորդական առաքելություն է իրականացնում, գիտի՝ ում հետ գործ ունի, ովքեր են հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր կարող են ֆինանսավորել և ում շահերն են սպասարկում։ Նրանք փորձում են Աննա Հակոբյանի դեմ որոշակի գործողություններ անել, ինչն անպատասխան չի մնում հակառակ կողմից։
«Մյուս կողմն էլ փորձում է կրքերը բորբոքել՝ այս կերպ ձևավորելով որոշակի իմիջ։ «Անկախ դիտորդ» մարմինը փորձում է վստահություն ձեռք բերել, որպեսզի հետագայում իր դիտորդական առաքելության ընթացքում պետք եղած դեպքում ինչ-որ բաներ չտեսնի կամ, հակառակը, պետք եղած ժամանակ տեսնի, և դա հասարակության կողմից ընկալվի որպես անկախ մարմնի արձագանք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Եվ ի վերջո, Վիգեն Հակոբյանը նշում է, որ այս ամենի նպատակը նաև իրենց մասին հիշեցնելն է։ Կան կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են արևմտյան որոշ սեկտորներից, և նրանց ուշադրությունը գրավելու համար պետք է «աղմկոտ շոուների» միջոցով ցույց տան իրենց կարևորությունը։
Էմմա Մարտիրոսյան

Русский