Երեկ համացանցում ակտիվ տարածվում էր տեսանյութ, որին կից գրառման մեջ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը։ Երեխան վախեցել է և լացել է:
Ի՞նչ է եղել իրականում այդ օրը․ MediaHub-ին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնեցին, որ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։
«Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը»: Մեզ հայտնեցին, որ նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ են անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում են հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։
«Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»,- հայտնեցին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից։
Մարիաննա Արամյան

Русский