Վարորդներն ահազանգում են՝ մայրաքաղաքում արդեն մի քանի օր է հեղուկ գազի գինը հասել է ոսկու գնին։
Թե օրեր առաջ քաղաքացիները հեղուկ գազից օգտվում էին 200-220 դրամով, ապա հիմա պատկերը փոխվել է։
Այս օրերին հեղուկ գազի գինը հասնում է 300-350 դրամի։ Գնի բարձրացումից բացի շուկայում կա հեղուկ գազի դեֆիցիտ, ինչը կրկին մտահոգվելու առիթ է տալիս։ «Ախր հերիք չի գինը թանկացել ա, մի հատ էլ տեղ չենք կարողանում գտնել գազ լցնելու համար։ Սենց ինչքա՞ն, լավ. ժամանակ առ ժամանակ սենց խնդիր ա լինում, կամ հեղուկ գազ չկա, կամ էլ կրկնակի-եռակի անգամ թանկ ա»,- ասաց մեր զրուցակիցը։
Ֆեյսբուքյան տարբեր խմբերում նույնպես վարորդներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ օրինակ, թե ի՞նչն է թանկացման պատճառը, ե՞րբ կրկին գինը կնվազի, և թեկուզ այս պայմաններում որտեղից կարելի է հեղուկ գազ գտնել։
Այս հարցերի պատասխանը MediaHub-ը փորձեց ճշտել ՄՊՀ-ի խոսնակ Անի Սմբատյանից։ Նրա խոսքով՝ չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը միաժամանակ բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և բարձր է այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում: «Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում»:
Սմբատյանը հավելեց՝ շուրջ 180 տնտեսվարող է հեղուկ գազ ներմուծում, և ամենամեծ ներմուծողի մասնաբաժինը 7 տոկոսը չի գերազանցում:
Թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Ըստ նրա՝ շատերը վաճառքը միայն կտրոնով են իրականացնում:
«Փաստացի՝ ունեն, բայց կտրոն չունեցողների համար՝ ոչ: Ու սա ևս ոչ մեկին չի անհանգստացնում, բացի խնդրին բախվող քաղաքացուց, որի համար լավ համերգներ են կազմակերպվում»,- գրել է Պիպոյանը:
Էմմա Մարտիրոսյան

Русский