Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նախորդող օրը, ջահերով երթի ընթացքում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Թուրքիայի դրոշի այրման միջադեպը լայն արձագանք ստացավ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ միջազգային մակարդակում։

Դեպքից հետո կոշտ հայտարարություններով հանդես եկան Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանի իշխանությունները ևս դատապարտեցին տեղի ունեցածը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպերը չպետք է դիտարկել որպես տարածաշրջանային գործընթացների որոշիչ գործոն։
«Այնպես չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում էին գնալ իրական խաղաղության պայմանագրի կնքման, և հանկարծ Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշի այրումը փոխեց նրանց դիրքորոշումը։ Նրանք իրականացնում են ծրագրավորված քաղաքականություն, որի հիմնական նպատակը հայկական գործոնի չեզոքացումն է Հարավային Կովկասում։ Այս առումով նրանց գործողություններում պատեհապաշտություն չկա, որ Հայաստանը որևէ քայլ արեց, և նրանք դրան ի պատասխան փոխեցին իրենց քաղաքականությունը։ Ստեփանակերտում երկու եկեղեցի ոչնչացվել են այն ժամանակ, երբ որևէ նման միջադեպ տեղի չէր ունեցել։ Սա ցույց է տալիս, որ գործողությունները կանխամտածված են և չեն պայմանավորվում կոնկրետ իրավիճակներով։ Արցախում հետևողականորեն ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը, և այդ համատեքստում մեծ է հավանականությունը, որ կարող են թիրախավորվել նաև հայկական ինքնության այլ խորհրդանիշներ, այդ թվում՝ «Տատիկ-Պապիկ» արձանը»,- նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների արձագանքն այդ միջադեպին պայմանավորված է ոչ միայն արտաքին քաղաքական հաշվարկներով, այլ նաև ներքաղաքական օրակարգով։
«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանց նախընտրական արշավի հիմնական ռազմավարությունն այն է, որ ներկայումս շեշտադրում են խաղաղության օրակարգը, և ցանկացած գործողություն, որը, նրանց գնահատմամբ, այս կամ այն չափով խանգարում է խաղաղության գործընթացին, անմիջապես արժանանում է քննադատության և դատապարտման»,– նշեց քաղտեխնոլոգը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հարթակներում շարունակում է հանդես գալ խաղաղության մասին հայտարարություններով՝ նշելով, որ իր երկիրը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։ Արմեն Բադալյանի կարծիքով՝ նման հռետորաբանությունը կարող է ուղղված լինել արտաքին լսարանին՝ Ադրբեջանին որպես կառուցողական կողմ ներկայացնելու նպատակով։
«Քանի որ Հայաստանում սկսվել է նախընտրական քարոզարշավը, նա ոչինչ չի ուզում անել, որը կխանգարի Հայաստանի իշխող ուժի վերարտադրմանը, և մինչև հունիսի 7-ը նա ոչինչ չի անելու՝ ասելով, որ խաղաղություն է, և ռևանշիստները խանգարում են այդ խաղաղությանը։ Իսկ հունիսի 7-ից հետո, երբ ՀՀ իշխանությունը նորից վերարտադրվի, ինչի հավանականությունը մեծ է, դրանից հետո արդեն Ադրբեջանի իրական պահանջները կներկայացվեն՝ սահմանադրության փոփոխություն, անկլավների և տարածքների վերադարձ։ Հնարավոր է նաև պահանջվի, որ սահմանադրության մեջ ադրբեջաներենը դառնա պետական լեզու, քանի որ մոտ 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան։ Այսինքն՝ հիմնական պահանջները լինելու են հունիսի 7-ից հետո»,- եզրափակեց խոսքը քաղտեխնոլոգը։
Ալիտա Եղիազարյան

Русский