Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, չդադարելով ինքնագովազդվել, նորից պնդեց, որ իր կառավարության օրոք մարդիկ սկսել են 50 տոկոսով ավելի լավ ապրել, քանի որ նա զգալիորեն բարձրացրել է թոշակները:
Վերջին բարձրացումը եղել է տասը հազար դրամով, 2018 թվականից աշխատավարձերը 75-80 տոկոսով ավելացել են, այնինչ, նրա ներկայացմամբ՝ գնաճն, ընդհանուր առմամբ, եղել է 29 տոկոս։ Հիմնվելով մասնավորապես այս ցուցանիշների վրա՝ Փաշինյանն իր մոտ կայուն համոզում է ձևավորել, որ ինքն իսկապես կարողացել է Հայաստանում ապրող մարդկանց կյանքը հիսուն տոկոսով բարելավել, այլապես ինչո՞վ բացատրել, օրինակ, որ 2018 թվականից ի վեր 54 000 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել։
Պետական բյուջերից առատորեն սնվող՝ բարձր ու տարեցտարի բարձրացող աշխատավարձերով ու միլիոնանոց պարգևավճարներ ստացող Փաշինյանն այնքան է հղփացել, որ առանձնապես խորամուխ չի լինում քաղաքացիների իրական խնդիրների մեջ և վիճակագրական ընդհանրացված ցուցանիշներով օդ է տատանում, թե տեսեք՝ Հայաստանում մարդիկ որքան լավ են սկսել ապրել, իսկ նրա սատելիտները լրացնում են թիմի ղեկավարին՝ պարծենալով, թե Հայաստանում ծայրահեղ աղքատությունն արմատախիլ է արված։
Հայաստանից դուրս ապրող և հայաստանյան սոցիալտնտեսական իրականության հետ չառնչվող ցանկացած մարդու համար ՔՊ խմբակի նման հայտարարություններն իրոք կարող են համոզիչ հնչել։ Բայց ամեն օր գոյության կռիվ տվող, իր արդար քրտինքով ու աշխատավարձով ապրող շարքային քաղաքացու համար ակնհայտ է, որ Հայաստանում կտրուկ բարելավվել է միայն իշխանավորների կյանքը, իսկ Փաշինյանի ու նրա կառավարության ներկայացուցիչների, ՔՊ պատգամավորների հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այո, Փաշինյանի իշխանության օրոք թոշակները զգալիորեն բարձրացել են։ Դա անհերքելի փաստ է։ Անհերքելի է նաև այն, որ թոշակներըը բարձրացել են թվաբանական դրսևորմամբ, այնինչ հանրապետությունում աննախադեպ գնաճի պատճառով դրամն արժեզրկվել է, հետևաբար արժեզրկվել է նաև այդ բարձրացած թոշակի արժեքը։ Փաշինյանն ինքն էլ լրագրողին պատասխանի ժամանակ խոստովանեց, որ սննդամթերքն այնքան է թանկացել (նա մսի օրինակով ներկայացրեց), որ իր բարձրացրած տասը հազար դրամը դարձել է զուտ գնաճի կոմպենսացում։
«Մսի թանկանալու հետ կապված մենք քաղաքացիներին ասում ենք, որ ձեր թոշակները բարձրացնում ենք և ՀՀ պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակն ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը»,- հայտարարել է նա։
Ի դեպ, միջին թոշակի և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հավասարեցման թեմային մենք առաձին նյութով անդրադարձել ենք՝ բացահայտելով, որ այս դեպքում ևս Փաշինյանն ազնիվ չէ իր ժողովրդի հետ։ Իսկ ահա ժողովրդի զգալի մասը դա հասկանում է, և քարոզարշավի դուրս եկած վարչապետին ակնարկում է այդ մասին, երբ նա սկսում է թոշակների բարձրացման թեմայով գլուխ գովել։ Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբից գնաճի տեմպը գրեթե 40 տոկոսով արագացել է։ Միջին գնաճը հասել է 4, 5 տոկոսի։ Արձանագրված գնաճը հատկապես զգալի է պարենային զամբյուղի բաղադրիչները կազմող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում։
Սննդամթերքի շուկայում այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում գնաճը հասել է 7, 8 տոկոսի։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարի 5,4% գնաճ էր արձանագրվել։ Մինչդեռ միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 5, 3 տոկոսով։ Ի դեպ, աշխատավարձերի 75-80 տոկոս բարձրացման մասին, ինչն այդքան շատ է սիրում շահարկել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը. իսկապես, իր ղեկավարած տարիներին բացի նվազագույն աշխատավարձի շեմի միանվագ բարձրացումից, Հայաստանում պաշտոնյաների, պատգամավորների, պետական կառավարման ապարատի աշխատակիցների աշխատավարձերի հեղափոխական աճ է գրանցվել։ Դա բավական չէ, ամսական և տարեկան կտրվածքով նրանց չլսված-չտեսնված պարգևավճարներ են բաժանում։ Երևի հենց նրա՞նց նկատի ունի վարչապետը՝ աշխատավարձերի նման շռայլ բարձրացման վիճակագրական տվյալներ ներկայացնելով։
Ամեն դեպքում այս կամ այն ոլորտում աշխատավարձերի բարձրացումը միջինացվում է և ներկայացվում որպես ընդհանուր բարձրացում։ Այդ տվյալների մեջ չեն արտացոլվում տարիներ շարունակ անփոփոխ կամ նվազեցված աշխատավարձերը, որովհետև փաստացի իշխանական օղակներում և գուցե նաև այլ երկու-երեք ոլորտներում աշխատավարձերի այնպիսի ռեկորդային բարձրացում է եղել, որ նվազեցումներն ու անփոփոխ աշխատավարձերը եղանակ չեն փոխում։ Այսպես, 75-90 հազար կամ ավելի՝ 150 – 200 հազար աշխատավարձ ստացողները, որոնց աշխատավարձը վերջին յոթ-ութ տարիներին անփոփոխ է մնացել կամ չնչին չափով աճել է, ընդգրկվել են այն նույն վիճակագրական տվյալների մեջ, որտեղ իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել նաև, օրինակ, 700 հազարից մինչև մեկ, երկու միլիոն աշխատավարձ ստացողները, որոնց աշխատավարձը ութ տարիների ընթացքում իսկապես բարձրացել է 75-80 տոկոսով։
Ըստ վիճկոմիտեի ընդհանրացումների՝ ոլորտից գլուխ չհանող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրական աշխատավարձերի բարձրացումը բոլոր աշխատողներին է վերաբերում։ Աշխատավարձերի շոշափելի բարձրացում հիմնականում, ինչպես նշեցինք, եղել է պետական ապարատում աշխատողների համար։ Այնինչ մասնավոր հատվածում միայն սահմանափակ որոշակի ոլորտներում է դրսևորվել, օրինակ՝ ՏՏ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում։ Այդ ոլորտները մեր աշխատաշուկայի չնչին մասն են կազմում և ըստ էության չեն կարող վիճակագրական ճշգրիտ ցուցիչ լինել։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այսօր մոտ 800 հազար գրանցված աշխատող կա, որի միայն քսանհինգ տոկոսն է աշխատում պետական ապարատում՝ մոտ 200 հազարը, ու նրանց համար համատարած ու չդադարող գնաճը գուցեև կենսամակարդակի վրա առանձնապես չի ազդում՝ ի տարբերություն աշխատողների հիմնական հատվածի։ Չենք խոսում գործազուրկների մասին, որոնք եկամտի հիմնական աղբյուր չունեն։ Հիմա հռետորական հարց՝ անփոփոխ եկամուտների ու անսանձ գնաճի պայմաններում Փաշինյանի ղեկավարած երկրում ապրող քաղաքացիների կյանքը հիսուն տոկոսով բարելավե՞լ է, թե՞՝ հիսուն տոկոսով վատթարացել։
Որպես բարելավման ցուցիչ՝ վարչապետը բնակֆոնդի մեծ թվով սպառումն է օրինակ բերում՝ ասելով, թե 2018 թվականից ի վեր 54 000 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել։ Իսկապես, վերջին տարիներին նորակառույց բազմաբնակարան շենքերի բազմաթիվ բնակարաններ են հանձնվել շահագործման։ Փաշինյանը անտեղյակ ու իր հանդեպ սիրով կուրացած քաղաքացիներին ուզում է համոզել, թե դա ևս իր ու իր իշխանության շնորհքն է:
Իրականում այդ բնակարանների առյուծի բաժինը ձեռք է բերվել եկամտահարկի վերադարձով հիպոտեկային վարկի միջոցով նորակառույց շենքերում բնակարաններ ու տներ ձեռք բերելու ծրագրի իրացման միջոցով, որը երկար մտածել, մշակել ու հաստատել է Սերժ Սարգսյանի կառավարությունը՝ դեռևս 2015 թվականին: Եվ Փաշինյանի իշխանության օրոք շահագործման հանձնված բնակարանների մի մասը գնվել են դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բայց բնակարաններն ու տներն ավելի ուշ են կառուցվել ու շահագործման հանձնվել։ Որոշների շինարարությունը տևել է ընդհուպ 5-6 տարի։ Այնպես որ այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որևէ կապ չունեն նոր բնակարանների իրացման հետ։
Ճիշտ կլինի նա ներկայացնի, թե եկամտային հարկի վերադարձով բնակարաններ ձեռք բերելու ծրագիրը չեղարկելուց հետո մայրաքաղաքում քանի՞ հոգի է նորակառույցներում բնակարան ձեռք բերել, քանի որ առանց պետական աջակցության ծրագրի՝ հատկապես Երևանում բնակարան ձեռք բերելը դարձել է անթույլատրելի շռայլություն, հատկապես օրվա ապրուստն աշխատանքով վաստակող շարքային քաղաքացու համար։ Մի կողմից ծրագրի չեղարկումը, մյուս կողմից շինոլորտում հարկերի անհամաչափ բարձրացումը, շինանյութի շուկայում գնաճը նաև բնակարանաշինության ոլորտում առաջարկի մակարդակի վրա է ազդել։
Թագուհի Ասլանյան

Русский