Նախօրեին գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանում կայացած սպորտային զույգերի կարճ ծրագրում հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո՝ չնայած նրան, որ Ադրբեջանը բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել և զույգը մի կերպ էր կարողացել իր ընտրած երաժշտությամբ ներկայանալ։
Եթե զույգը կարողացավ հաղթահարել ադրբեջանական ճնշումը, ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չուզեց, կամ չկարողացավ. արդյունքում՝ շրջանցվեց ստեղծագործության անունը։ Հաղորդավարը պարզապես նշեց, որ զույգը հանդես եկավ Արա Գևորգյանի գեղեցիկ ստեղծագործության ներքո։
Այս ամենն, իհարկե, չէր կարող անարձագանք մնալ, շատերը սկսեցին քննադատել Հանրայինին՝ ասելով, որ պետք չէր Ադրբեջանի պահանջներին տուրք տալ։
Թեմայի վերաբերյալ MediaHub-ը զրուցել է երաժիշտ, երգահան, «Արցախ» երաժշտության հեղինակ Արա Գևորգյանի հետ, որը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ նման խնդիր է առաջանում։
«Եղել են դեպքեր, երբ չեն հնչեցրել իմ անուն-ազգանունը, կամ միայն իմ անուն են հնչեցրել՝ առանց «Արցախ»-ը շեշտելու, եղել է, որ պարզապես ներկայացրել են հայկական երաժշտություն»,- նշեց Արա Գևորգյանը։
Չնայած դրան, երաժիշտը նկատեց՝ մենք պետք է ուրախանանք, որ առաջին անգամ օլիմպիական խաղերում հայ մարզիկներ ունենք, որոնք ուղղակի հրաշալի ելույթ ունեցան։
«Ինձ համար շատ մեծ պատիվ էր, որ ընտրել են իմ երաժշտությունը, բայց որ ամեն ինչ ճիշտ ներկայացվեր, լավ կլիներ»,- հավելեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ պետք չէ երաժշտությունը խառնել քաղաքականությանը։
Հարցին՝ արդյո՞ք սա Ադրբեջանի պատվերը կատարելու հերթական քայլը չէր հայկական կողմից, Արա Գևորգյանը պատասխանեց՝ միակ մեղավորը միջազգային օլիմպիական կոմիտեն է. նրանք պետք է դնեին ավելի խիստ պայմաններ և Ադրբեջանի բողոքը հաշվի չառնեին։
«Միջազգային օլիմպիական կոմիտեն այնպիսի հզոր կազմակերպություն է, որ պետք է ասեր՝ երաժշտությունը մի խառնեք քաղաքականությանը։ Լավ կլիներ, որ հայտարարվեր, միգուցե հարմար չի գտնվել, չգիտեմ, բայց կարևորը մեր մարզիկների լավ ելույթն էր»,- նշեց Արա Գևորգյանը։
Ճշտող հարցին՝ եթե լինի պահանջ երաժշտությունը YouTube-ից հեռացնելու, ինքը կանի՞ դա, Արա Գևորգյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ։ «Այն արդեն լայն տարածում ունի և ես չեմ պատրաստվում հեռացել այն»,- ասաց երաժիշտը։
Նա վստահեցրեց՝ որևէ պարագայում երաժշտության ո՛չ անունը կփոխի, ո՛չ էլ թույլ կտա հեռացնել այն որևէ հարթակից։
Էմմա Մարտիրոսյան

Русский