Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուբեն Վարդանյանն ու մյուս գերիները կվերադառնա՞ն Հայաստան

Blog Image

Գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունն ավարտվել է։

Ի՞նչ է մտածում «Ապրելու երկիր» կուսակցությունը ռազմաքաղաքական ղեկավարության ՀՀ վերադարձի վերաբերյալ․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով  կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:

«Իհարկե, զարմանալի չէր Ադրբեջանի, այսպես կոչված, դատավարության հանգուցալուծումը, և Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների մասով, ցավոք, այս 2 տարի տևած կեղծ դատավարությունը ցույց տվեց, որ որևիցե հիմնավորում չկա, և միջազգային հանրությունը պետք է  դա տեսնի։ Պետք է տեսնի նաև, որ Ադրբեջանի կողմից իրականացված այդ «շոուին» միջազգային, նույնիսկ տեղական լրագրողներ ներկա չէին։ Այդ դատավարությունն ուներ ընդամենը 1 նպատակ՝ պայքարել հայկականության և Հայաստանի դեմ։ Հետևելով դատավարությանը՝ արձանագրում ենք, որ այն «ապացույցներն» ու «մեղադրանքները», որ կային, ոչ միայն այս անձանց էին վերաբերում, այլ նաև ու հիմնականում՝ Հայաստանի Հանրապետությանը։  Կարճ ասած, էս «գործով» ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը «բռնազավթել է» Ադրբեջանի ինչ-որ տարածք և այնտեղ հանցագործություններ է կատարել։ Սա ինչի՞ համար եմ շեշտում, որովհետև միանշանակ է, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս մասով պարտավոր է դիրքորոշում ներկայացնել, որ դա շինծու դատավարություն է, շինծու մեղադրանք, և այդ մարդիկ որևէ հանցագործություն չեն կատարել»,- նշեց Առաքելյանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ միջազգային հանրությանը բոլոր փաստերով, բոլոր հիմնավորումներով պետք է ներկայացվի իրականությունը, դրանից հետո կարելի է ակնկալել նաև նրանց աջակցությունը։

Սակայն, ըստ Առաքելյանի, այս փուլում դա անելը շատ բարդ է, քանի որ չկա Հայաստանի հստակ դիրքորոշումը։ 

«Ամեն դեպքում սա բացառիկ երևույթ է՝ ՀՀ քաղաքացիներ են դատապարտվում, և միայն նրա համար, որ հայ են և ապրել են իրենց հայրենիքում, իսկ Հայաստանի իշխանությունները լռում են»,- ասաց Առաքելյանը։

Նա վստահեցրեց՝ իրենց պայքարը շարունակվում է, ամեն ինչ անում են, որ միջազգային հանրությունն իր դերակատարումն ունենա գերիների վերադարձի հարցով, և մինչև վերջին հայը Բաքվից չվերադառնա, իրենց պայքարը չի դադարելու։

«Բարդ է, բացի Հայաստանի իշխանությունների առնվազն կրավորական կեցվածքից, այո, մենք գործ ունենք նաև Ադրբեջանի հետ, որը որևիցե միջազգային նորմ հաշվի չի առել այս պրոցեսի մեջ և, հետևաբար, բավականին  ծանր աշխատանք է լինելու։ Բայց, միանշանակ, մեր հայրենակիցների 1 օր ավելի այնտեղ գտնվելը շատ-շատ ծանր է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք Ալիևի հայտարարություններից հետո հնարավոր է, որ գերիները վերադառնան, Առաքելյանը պատասխանեց․ 

«Մինչև ընտրությունները մենք չենք բացառում, որ գերիների մի մասը՝ ոչ ռազմաքաղաքական ղեկավարությունը, կվերադառնա, մեր յուրաքանչյուր հայրենակցի վերադարձը սպասված է և կարևոր, առավել ևս հիշենք, որ նրանցից դեռ 2-ը 2020 թ․-ից են գերեվարված։ Հուսով եմ, որ նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանի նախընտրական նվերը փաթեթավորվելու է այդ գերիների վերադարձով, դա շատ ավելի կարևոր է մեզ համար։ Յուրաքանչյուրի վերադարձը, նույնիսկ եթե այդ գնով է, թող լինի, թող այս իշխանությունն էլ դա ներկայացնի որպես իր ձեռքբերում  իր քարոզչական գործիք»,- նշեց Առաքելյանը։

Իսկ ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվից վերադառնալու հավանականության մասին Առաքելյանը նշեց՝  քիչ հավանական է համարում առաջիկայում նրանց վերադարձը։ 

«Բայց պետք է շարունակենք աշխատել։ Գերիների վերադարձի համար իշխանափոխություն է անհրաժեշտ, Հայաստանին պետք է իշխանություն, որը գերիների վերադարձը կդարձնի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից մեկը»։

Նշենք, որ Ալիևը բացառել էր Բաքվում պահվող Արցախի ղեկավարության ազատ արձակումը։ «Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր, նրանց հանցագործություններն ապացուցվել են»,- ասել էր Ալիևը՝ անդրադառնալով դատական նիստերին, որոնք ընթացել են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրագրողների, լուսաբանվել են բացառապես պետական լրատվամիջոցով:

Send