Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սահմանին զինվոր չի զոhվում, բայց անհամեմատ մեծ թվով մարդ է մաhանում վրաերթի հետևանքով

Blog Image

Նիկոլ Փաշինյանը ամեն պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է, թե իր իշխանության շնորհիվ հնարավոր եղավ Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերը հասցնել զրոյի, և որ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, երբ Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ո՛չ զոհ ենք ունեցել, ո՛չ վիրավոր։

Իհարկե, ուրախալի է, որ սահմանին խաղաղ է, և մեր զինվորները գոնե թե հակառակորդի կրակոցից չեն սպանվում։ Թեև մենք հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, որ փոխարենը բանակի ներսում են զինվորներ մահանում տարբեր պատճառներով՝ այդ թվում սպանության հետևանքով։ Եվ վիճակագրական ցուցանիշները այսօր էլ շարունակում են մտահոգիչ մնալ։ Պակաս մտահոգիչ չէ նաև վրաերթերի հետևանքով մահերի թիվը։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից MediaHub-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով վրաերթի 106 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 107 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 13-ը։  2025 թվականին վրաերթերի թիվը փոքր-ինչ նվազել է։

Ըստ մեզ տրամադրած տեղեկությունների՝ մահվան ելքով վրաերթերի թիվը 92 է եղել, որի հետևանքով զոհվել է 93 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 8-ը։ Ըստ նախնական պատճառների՝ 71 դեպք հետիոտնի չնախատեսված վայրով անցնելու հետևանքով է եղել, 3 դեպքում վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ 18 պատահարները ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների հետևանք են եղել։ Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների էլ՝ 2022-2024 թվականներին միայն Երևանում արձանագրվել է հետիոտնի վրաերթի ելքով 1832 ճանապարհատրանսպորտային պատահար, որից զոհվել են 129 հոգի, մարմնական վնասվածքներ են ստացել 1796-ը։ Այսինքն՝ միայն երեք տարում 129 մահ է եղել, այն դեպքում, երբ վերջին երկու տարիներին միասին 200 մահվան դեպք է եղել։ 

Փաստաբան Ռուբեն Բալոյանը MediaHub-ին հայտնեց, որ վիճակագրության համաձայն՝ մահացու ելքով վրաերթերի թիվը վերջին տարիներին ամենևին նվազման միտում չի ունեցել, որ թիվն իջնի և կայուն պահպանվի։ Եվ դրանց մեծ մասի մեղավորն, ըստ նրա, հետիոտն է, որ փողոցն անցնում է երթևեկության կանոնների խախտումով։

Ի դեպ, փաստաբանի հավաստմամբ՝ այս առումով դատարաններում խնդիր կա, քանի որ այդ հանգամանքը դատարանի կողմից պատշաճ գնահատականի չի արժանանում․ «Հետիոտնի՝ փորձագետի գնահատմամբ հաստատված մեղավորությունը դատավճռի վրա ազդեցություն չի ունենում՝ պատիժ նշանակելու, վնասի փոխհատուցման առումներով, չնայած օրենքը այդ իրավահարաբերությունների կարգավորումներ ունի, որոնք անտեսվում են»։

Սա իհարկե չի բացառում նաև վարորդի մեղավորությունը, սակայն երբեմն նրա մեղավորության պատճառ են դառնում արտաքին պայմանները։ Օրինակ՝ փողոցների վատ լուսավորությունը։ Հետիոտնի վրաերթի ելքով պատահարների առավել վտանգավոր հատվածներն են Մյասնիկյան, Ծովակալ Իսակովի, Արշակունյաց, Մաշտոցի, Տիգրան Մեծի պողոտաները, Ե. Քոչարի, Զորավար Անդրանիկի, Ա. Բաբաջանյան և Արտաշիսյան փողոցները։

Հետիոտնային վրաերթերը հիմնականում տեղի են ունենում օրվա մութ ժամանակահատվածում անգամ հենց հետիոտնային անցումների վրա։ Վերջին 20 տարիների ՃՏՊ-երի վերլուծությունը ցույց է տվել, որ Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի վրա ՃՏՊ-երի մեծ մասը՝ մոտ 30,4 % -ը, տեղի է ունենում երեկոյան ժամը 8։ 00-ից մինչև գիշերվա 10։00-ն ընկած ժամանակահատվածում, երբ առկա է տրանսպորտային հոսքի ինտենսիվություն, միացված է արհեստական լուսավորությունը, որն առավելապես չի համապատասխանում նորմերին, առկա է վարորդների համար հանդիպակաց և համընթաց ուղղություններով կուրացման գործոնը, ինչպես նաև ավտոմոբիլների լուսարձակների լուսավորությամբ պայմանավորված ճանապարհածածկի փայլատակումը, որի պատճառը ասֆալտբետոնյա ծածկի ճաքերը բիտումով ոչ թե լցնելն է, այլ լղոզելը։

Ավտոմեքենաները հիմնականում երթևեկում են բարձր արագությամբ, հզոր լուսարձակներով՝ հաճախ հեռահար միացված, կտրուկ մանևրներ կատարելով, որոնք և հետիոտնի վրաերթեր են առաջացնում, և մահացու ելքերով ՃՏՊ-ներ։ Այդ ժամերին երթևեկելի մասի և նույնիսկ հետիոտնային անցումների վրա գտնվող հետիոտները բոլորովին անտեսանելի են։

Իշխանությունները գլուխ են գովում, թե կայուն խաղաղություն են բերել, ինչի շնորհիվ զինվորներ չեն զոհվում, սակայն այդ նույն իշխանություններն արդյո՞ք չունեն այնքան կարողություն ու խելամտություն, որպեսզի երկրի ներսում ևս գոնե վրաերթերի կանխման միջոցով մահերի բարձր ցուցանիշներ չարձանագրեն։ Արդյո՞ք այս հարցը լուծելու համար նրանք անելիք չունեն։

Ռուբեն Բալոյանն ասում է, որ այդ մահերն ու պատահարները նաև կառավարության անգործության հետևանք է, այդ առումով համապատասխան իրավասու մարմինները հստակ գործառույթներ ունեն, որոն քչեն իրականացնում և հենց դրանով էլ պայմանավորված է նաև մահվան ելքերով վրաերթերի աճը։  «Պարեկային ծառայությունը պետք է ուժեղացնի հսկողությունը մասնավորապես հետիոտների նկատմամբ, որպեսզի կանխի հնարավոր դժբախտ դեպքերը, թույլ չտա, որ քաղաքացիները փողոցները հատեն չթույլատրվող հատվածներում, հատկապես հսկողություն իրականացնեն վերգետնյա և ստորգետնյա անցումների մոտ, որովհետև երբեմն մարդիկ զլանում են դրանցից օգտվել և որոշում են մյուս մայթ հասնել փողոցով, որտեղ հետիոտնային անցում չկա։ Վրաերթերի մի մասը հենց նման վայրերում են լինում։ Պետք է մոնիթորինգ իրականացվի, առանձնացվեն այն փողոցներն ու հատվածները, որտեղ լինում են նման պատահարներ, վերլուծվեն արդյունքները և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»։ 

Ի դեպ, չթույլատրվող վայրով փողոցն անցնելու համար օրենքը տուգանք է նախատեսում և օրենքի իրացման բոլոր մեխանիզմներն էլ կան՝ անձի նույնականացում և այլն, բայց օրենքը կատարող պետք է լինի։ Մենք ունենք պարեկային ծառայություն, որը այսօր բոլորովին այլ գործառույթ է կատարում՝ դառնալով քաղաքականացված կառույց և քաղաքական իշխող վերնախավի կարիքները սպասարկելով։ 

Փաստաբանը ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու կարևոր միջոց է համարում մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անցկացումը, նախադպրոցական և դպրոցական կրթարաններում երթևեկության, Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների դասավանդումը, գործնական պարապմունքները։   «Կարող են ամիսը գոնե երկու օր հատկացնել մարդկանց իրազեկելու, կրթելու միջոցառումներին, և դա էականորեն կբարձրացնի նրանց ինքնագիտակությունը, մարդկանց կվարժեցնի կարգուկանոնի։ Նաև քարոզչական աշխատանքներ պետք է տարվեն սոցիալական հոլովակներով, պաստառներով, համակարգային մոտեցում պետք է լինի»,- ասում է Ռուբեն Բալոյանը։

Այնպես որ, վարչապետի հայտարարություններին, թե սահմանին այլևս զինվորներ չեն սպանում, պետք է հակադարձել՝ փոխարենը և անհամեմատ մեծ թվով ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, վրերթերով մահվան դեպքերը, ինչում իր թիմը մեղավորության իր բաժինն ունի։

Թագուհի Ասլանյան

Send