Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանի թեթև ձեռամբ Ավստրիայում չի կայանա Եպիսկոպոսաց ժողովը, քանի որ Վեհափառ հայրապետն ու ութ սրբազան հայրեր ելքի արգելք ունեն ու չեն կարող մեկնել արտերկիր՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, որն այս անգամ ՀՀ-ից դուրս էր անցկացվելու՝ ելնելով իշխանության եկեղեցահալած քաղաքականությունից և քայլերից։
Չնայած սրան, եկեղեցին շարունակում է մնալ իր սահմանած բարձունքում և Հայաստանից երեք սրբազան հայրեր կարողացել են մեկնել Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Հայաստանից կարողացան մեկնել Դանիել, Նարեկ և Արարատ սրբազանը, և ըստ էության, հենց նրանք էլ կներկայացնեն Հայաստանում տեղի ունեցողը, ինչպես նաև քննարկման առարկա կդարձնեն Փաշինյանի աննախադեպ քայլերը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
«Փետրվարի 15 լույս 16-ի գիշերն են մեկնել սրբազան հայրերը։ Որևէ խոչընդոտի մասին ես տեղյակ չեմ, ըստ էության, որևէ խնդիր չի առաջացել մեկնելիս»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ավստրիայում եպիսկոպոսաց հավաքին Վեհափառի բացակայության պայմաններում մյուս գահակալները չեն մասնակցելու։ Հավաքը կլինի կաթոլիկ եկեղեցու կոնֆերանս կենտրոնում։
Նշենք, որ հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություն անում, հավաքը կարող է իր քննարկումները, եզրակացությունները բերել Մայր Աթոռ։ Սակայն այնտեղ որոշումներ չեն կայացվում, վճիռներ չեն լինում։

Русский