Արխիվային լուսանկար
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում տրոլեյբուսները դառնում են վթարային իրավիճակի պատճառ։
Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ քաղաքում շահագործվող տրոլեյբուսների մեծ մասն արդեն հնացած է և չի բավարարում ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ հարմարավետության նվազագույն չափանիշներին։ Տարիների ընթացքում դրանց մաշվածությունը միայն ավելացել է, ինչը զգալիորեն ազդում է թե՛ ուղևորների հարմարավետության, թե՛ անվտանգության վրա։ Տրոլեյբուսները հաճախ են խափանվում, փողոցի մեջտեղում կանգնում և փչանում։
«Այս իրավիճակը ստեղծում է անհարմարություններ հազարավոր քաղաքացիների համար, ովքեր ամեն օր օգտվում են հասարակական տրանսպորտից։ Տրանսպորտի ուղեվարձը դարձել է 150 դրամ, սակայն, տրոլեյբուսի պայմաններն ընդհանրապես չեն համապատասխանում 150 դրամին, հնարավոր է՝ նստես տրոլեյբուս ու տեղ չհասնես, փչանա, մնա փողոցի մեջտեղը, ի վերջո, ե՞րբ են փոխելու էս անտեր տրոլեյբուսները»,- նշեց MediaHub-ի զրուցակիցը։
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հին տրոլեյբուսների փուլային փոխարինման ուղղությամբ։ MediaHub-ը կապ հաստատեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանի հետ:
«Արդեն հրապարակվել է, որ նոր 45 տրոլեբուսներ շատ շուտով կուղևորվեն դեպի Երևան։ Երբ որ նոր տրոլեյբուսները կլինեն Երևանում, մի քանի օր տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո ամբողջությամբ կփոխարինեն հին տրոլեյբուսները, որոնք արտադրված էին 2007 և 2008 թթ. ժամանակահատվածում և Երևանում այլևս չեն լինի հին տրոլեյբուսներ։ Այո, շատ են խափանվում, փչանում, ճիշտ եք նկատում։ Տրոլեյբուսները հին արտադրության են՝ 2007-2008 թվականների, ու արդեն իրենց ժամկետը սպառվել է, իսկ մի քանի ամսից արդեն կլինեն նոր տրոլեյբուսներ։ Երևան քաղաքում հին տրոլեյբուս չի լինելու՝ 4-ի ներկրումից հետո, որոնք սպասարկելու են 1, 9 և 15 երթուղիները»,- նշեց Բեջանյանը։
Նա հավելեց, որ 2007-2008 թվականներին վերջին ձեռքբերումն է եղել, այսինքն 18-19 տարի Երևանի էլեկտրատրանսպորտը չէր ունեցել նոր շարժակազմեր, 2023 թ․-ին առաջին ձեռքբերումը եղավ։
«30 հին տրոլեյբուսներ կան, որոնք կփոխարինվեն։ Եվ արդեն գործող 30 նոր տրոլեյբուսներ կան»,- նշեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենը։

Русский