Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պետական ծրագիր են նախաձեռնել, որը թ շնամություն է Հայաստանի նկատմամբ. Քերոբյան

Blog Image

Այսօր Աժ քառօրյա նիստի ժամանակ այլ հարցերի հետ միասին քննարկման էր դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նախագծի մի հատված վերաբերում է միջազգային հեղինակավոր բուհերում սովորելու դեպքում ՀՀ քաղաքացի ուսանողներին հետայսու զինվորական ծառայությունից ազատելու հնարավորությանը:

Նախագծի այս հատվածի զեկուցողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որի կարծիքով նախագծի սույն դրույթով կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ և մասնավորապես աշխարհի թոփ 50 համալսարաններում այս պահին ուսումնառող և ապագայում ուսումնառելիք ուսանողներին հնարավորություն տալ ուսումնառության ավարտից հետո վերադառնալ Հայաստան, առնվազն երեք տարի աշխատել կառավարության սահմանած կարգով և ոլորտներում, իսկ հետագայում ազատվել զինվորական ծառայությունից:

Կառավարությունը հույս ունի, որ այդ ներուժը կծառայեցնի երկրի կարևորագույն ոլորտների առաջանցիկ զարգացումն ապահովելու համար և աշխարհի թոփ հիսուն համալսարաններում գիտելիք ստացած երիտասարդների  ներուժն այդպես ավելի արդյունավետ կիրացվի, քան զինվորական ծառայության դեպքում: 

ԿԳՄՍ նախարարությունում լիահույս են, որ նախագիծը շուտափույթ օրենքի ուժ կստանա և կկիրառվի արդեն իսկ այս ամառվա զորակոչի ժամանակ: 

Արդյոք նախագծի այս հատվածը խնդրահարույց չէ Հայաստանի Հանրապետության համար, այն դեպքում, երբ մենք արդեն իսկ ժողովրդագրական և բանակը համալրելու լուրջ խնդիրներ ունենք այնքան, որ կառավարությունը մտմտում է կանանց և աղջիկներին բանակ զորակոչելու ծրագիր: 

Այս հարցով MediaHub-ը դիմեց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին: Նա մտահոգիչ համարեց նախագիծը՝ ասելով, թե բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են, որ Հայաստանի քաղաքացին ազատվի հայրենիքը պաշտպանելու պարտականությունից, թշնամու օրակարգ են սպասարկում: 

«Չի կարող լինել ուժեղ Հայաստանի Հանրապետություն, եթե քաղաքացիների մի մասը ընդհանրապես ազատված է զինվորական ծառայությունից: Այսօր երկիրը պաշտպանելու պարտականությունից արդեն իսկ օրենքով ազատված է ոստիկանության գվարդիան: Իսկ նրանք փոքրաթիվ չեն»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է մարդկային կապիտալի զարգացմանը, նախկին պաշտոնյայի կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի կառավարությունը կրթական ծրագրերը զարգացնի ու արդիականացնի պետական բուհերում: Ըստ նրա՝ մեր բուհերի կրթական ծրագրերը համապատասխանում են խորհրդային միության վերջին տարիների մակարդակին, դրանից հետո չեն վերանայվել ու ժամանակակից չափորոշիչներին չեն համապատասխանեցվել: Ուսանողների մոտ մասնագիտական կարողությունների զարգացման, հմտությունների ձեռք բերման և ինդուստրիայի՝ արտադրության հետ կապը զարգացնելու համար ոչինչ չի արվում. «Այնքան են ուսանողին ծանրաբեռնել կողմնակի առարկաներով, որ նա իր ապագա մասնագիտությամբ աշխատելու, արդեն իսկ ուսանողական տարիներից իր նախընտրելի ոլորտում փորձառություն ձեռք բերելու հնարավորություն չունի»: 

Նրա կարծիքով՝ արտասահմանյան բուհերում ուսանող երիտասարդների գիտելիքները Հայաստանում իրացնելու շատ քիչ հնարավորություն կա: Շատ ուսանողներ արտասահմանում սովորում են այնպիսի բնագավառներում, որոնք Հայաստանում զարգացած չեն կամ այն մակարդակում չեն, որ բարձր գիտելիք ստացած քաղաքացիները բավարարված լինեն իրենց աշխատանքով: Նման պայմաններում այսպիսի պետական ծրագիր նախաձեռնելը թշնամություն է Հայաստանի նկատմամբ: 

Ի դեպ, այսօր ԱԺ-ում նաև հայտարարվեց, թե կառավարությունը ծրագիր է մշակում արտասահմանյան առաջատար բուհերում ուսանողների ուսման վարձը 70- 80 տոկոսով վճարելու մասին: Դա նշանակում է, որ պետությունն է բյուջեից մեծ մասամբ ֆինանսավորելու այն ուսանողների ուսումնառությունը, որոնց հետագա վերադարձը կասկածի տակ է: Ավետիք Քերոբյանը դա պետական միջոցների փոշիացում է համարում, անարդյունավետ օգտագործում, որովհետև որևէ երաշխիք չկա, որ արտասահմանում սովորող երիտասարդները անպայման կվերադառնան և իրենց ներուժը կներդնեն այստեղ:

Անգամ եթե նման պարտադրանք գոյություն ունի, որ սովորելուց հետո նրանք պետք է վերադառնան և աշխատեն կառավարության սահմանած ոլորտներում, պետությունը ոչինչ չի անում, որ նրանց գիտելիքները պիտանի լինեն այստեղ. «Օրինակ, «Պատիվ ունեմ» ծրագրով ենթադրվում էր, որ ՊՆ-ն փոխհատուցելու է անվճար ընդունված ուսանողի կրթաթոշակը, բայց եթե նա դուրս  է մնում բուհից, պարտավորվում է վերադրաձնել դրա կրկնապատիկը: խիստ է հնչում, բայց խթան է, որ ուսանողը ջանք գործարի իր առաջադիմությունն ապահովելու և առաջատար մասնագետ դառնալու համար: Արդյոք այս նախագծի դեպքում նման պարտադրանք կլինի, եթե լինի էլ, որքանով այն հիմնավորված կլինի, քանի որ այս կամ այն մասնագիտությունը ստացած մարդը պետք է տեղ ունենա աշխատելու, պետությունը պետք է նրան ապահովի այդ աշխատատեղով: Օրինակ, եթե ուսանողը գնա աերոտիեզերական սարքաշինության ոլորտում սովորի, Հայաստանում այդ ոլորտը զարգացած չէ, գոյություն էլ չունի: Այդ երիտասարդը որտեղ պետք է աշխատի: Եթե կառավարությունն արդեն չորս տարի է տիեզերական համապարփակ ռազմավարությունը չի կարողանում ընդունել, ապա ինչ հեռանկարային նախագծերի մասին է խոսքը, դրանք ևս չեն կարողանալու իրականացնել»: 

Թագուհի Ասլանյան

Send