Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դավիթ Խուդաթյանը խաբե՞ց ժողովրդին. ամռան ամիսներին ջրանջատումներ, այնուամենայնիվ, կլինեն

Blog Image

MediaHub-ն անցած շաբաթ իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համար սահմանված ջրամատակարարման ժամանակացույցին, որով նախատեսվում էր այդ ամիսներին Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերային ժամերին դադարեցնել ջրամատակարարումը՝ գիշերվա 24:00-ից մինչև առավոտյան 7:00: Իսկ մարզերի 51 բնակավայրերում այդ ժամանակահատվածը նախատեսվում էր կրճատել մինչև 19 ժամ՝ ապահովելով ընդամենը 6-8-ժամյա ջրամատակարարում: Ինչն էլ հանրային լուրջ դժգոհություն էր առաջացրել. մասնագետների շրջանում ընկերությանը մեղադրում էին սպառողների իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ՝ կառավարությանը կոչ անելով տուգանել ընկերությանը անպատասխանատու գործելաոճի համար: Ամեն դեպքում հանրությունը և մասնագետներն ավելի շատ մեղադրում էին կառավարությանը, քան ջրամատակարարման կառավարիչ ընկերությանը, քանի որ հենց կառավարությունը պետք է վերահսկի ընկերության գործունեությունը և հարկ եղած դեպքում արգելի նրան կամայական որոշումներ կայացնել: Համենայն դեպս, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը պատասխանատու որևէ պետական կառույցի հետ չի համաձայնեցրել իր որոշումը: 

Հիշեցնենք, որ ջրամատակարարման նման սահմանափակ ժամանակացույց սահմանելու որոշումը «Վեոլիա ջուր» ընկերությունը հիմնավորել էր մի քանի գործոններով, որոնցից մեկը ամառային ամսիներին ջրային պաշարների կտրուկ նվազումն է՝ կլիմայի փոփոխություններով պայմանավորված: Ըստ ընկերության՝ Հայաստանի ջրային աղբյուրներում 24 տոկոսով նվազել է ջուրը, ինչը սահմանափակել է համակարգի հնարավորությունները: Հիմնավորումներից մեկն էլ ջրի սպառողների թվի զգալի մեծացումն է այն դեպքում, երբ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծված չեն մասնավորապես նոր կառուցվող շենքերի բնակիչներին անհրաժեշտ քանակությամբ ջրով ապահովելու համար: 2025 թվականի տվյալներով՝ վերջին հինգ տարիների ընթացքում միայն Երևանում լայնածավալ կառուցապատումներից հետո ջրի բաժանորդների թիվը ավելացել է 14,5 անգամ՝ 600-ից հասնելով 8700-ի: 

Ընկերությունը պատճառաբանել է նաև, թե շարունակվում են մեծ ծավալներով ջրային կորուստները հատկապես գիշերային ժամերին, ինչի համար էլ վերանայել է ժամանակացույցը: Ջրային կորուստները հասնում են 45- 50 տոկոսի:

Նախընտրական շրջանում հանրային դժգոհությունները և մասնագիտական քննադատությունները մեղմելու նպատակով հարվածն իր վրա էր վերցրել ՏԿԵ նախարարությունը՝ փորձելով հանդարտեցնել իշխանությունների դեմ բորբոքված կրքերը: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում հավաստիացրել էր բոլոր բաժանորդներին, որ ջրամատակարարման գրաֆիկի վերանայում ամռան ամիսներին չի լինի, որ ջրամատակարարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումները ջրամատակարարումը լավարկելու հնարավորություններ ընձեռում են:  Նախարարը նշել էր, թե շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը, խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ 

Նման պնդման համար, Խուդաթյանի հավաստմամբ, հիմք են հանդիսացել վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։ 

Հանրային սպասումները, սակայն, չարդարացան: Երկու շաբաթ էլ չանցավ և Դավիթ Խուդաթյանի հավաստիացումները հօդս ցնդեցին՝ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի՝ լրագրողներին հայտնած լուրով պայմանավորված:

Պարզվում է, որ Դավիթ Խուդաթյանի լավատեսությունը բախվեց ջրամատակարարման ոլորտում առկա անհուսալի իրականությանը, որը ստեղծվել է «Վեոլիա ջուր» ընկերության և կառավարության համատեղ ջանքերով: Համակարգը փաստորեն հնարավորություն չի տալիս 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարում իրականացնել, ինչպես խոստացել է ՏԿԵ նախարարը: Հակառակը՝ այս տարի ջրամատակարարումն ավելի խիստ գրաֆիկով է իրականացվելու ամառային ամիսներին՝ մայիսից սկսած: Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ ամռանը ջրանջատումներից խուսափել չի լինի, «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:

«Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում»,- հայտնել է Ղալամքարյանը՝ չմոռանալով այնուամենայնիվ հերթական փափուկ բարձը դնել հանրության գլխի տակ և հայտնել՝ իբրև իրենց նախնական գնահատականներով ժամանակացույցը բարելավելու, լավարկելու պոտենցիալ ունեն: Ունենալը գուցե ունեն, սակայն այդ պոտենցիալն իրացնելու խելք ու կարողություն գուցե չունեն, որ տարեցտարի ջրամատակարարման որակը վատթարանում է:  

Ըստ նրա՝  պարտադիր կապիտալ  աշխատանքների ծրագրերն ընթացքում են, դրանց նոր թափ են հաղորդելու, որի արդյունքում ունենալու ենք բավականին մեծ ծավալի խնայված ջուր թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Կան նաև հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, պարզապես որոշում է կայացվել լրացուցիչ ռեսուրսներ ներդնել ու այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով: Այդ աշխատանքների արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում նախապես հայտարարված 7-ժամյա անջատումը կարող է կրճատվել մինչև 3-4 ժամով։

Իսկ ինչո՞ւ են ջրերի երկիր Հայաստանում այսօր ջրամատակարարման լուրջ խնդիրներ առաջացել, մանավամդ, որ այս տարին բավականին տեղումնառատ էր և ջրերի կառավարումը ճիշտ իրականացնելու դեպքում կարելի էր 24-ժամյա գրաֆիկ ապահովել նաև այն վարչական շրջաններում, որոնցում դեռևս ջրանջատումներ են լինում: Համենայն դեպս, կառավարությունը ջանք ու միջոց չի խնայել դրա համար՝ ամեն կերպ աջակցելով «Վեոլիա ջուր» ընկերությանը, ներելով նրա պարտավորությունները: 

Ջրային կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ 2018-ից մինչև այսօր «Վեոլիա»-ն 200 միլիոն եվրոյի վճարում է արել, սակայն պետությունն այդ գումարների մի մասը վերադարձրել է ընկերությանը և հավելյալ 15 միլիարդ դրամի ներդրում է արել ոլորտում: 2024-25 թվականներին կառավարությունը նաև որոշում է կայացրել, որ այն գումարները, որոնք «Վեոլիա»-ն վճարում է իրեն, վերադարձնում է՝ պայմանով, որ դրանք ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ: Եվ ի հավելումն այդ գումարների՝ կառավարությունը գրեթե նույն չափ գումարներ է ուղղում ենթակառուցվածքներին: Այս պահին հենց Ջրային կոմիտեն 13 ենթածրագիր է իրականացնում Հայաստանում, որից երեքը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում: 

Արամազդ Ղալամքարյանի պնդմամբ՝ երկու տարվա ընթացքում կառավարությունը 22 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ է իրականացնելու, ինչի արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լիտր/վայրկյան խնայված ջուր՝ մոտ չորսուկես ժամ ջրամատակարարման խնայում ամբողջ Երևանի համար: Առաջիկա հինգ տարիների համար էլ Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն եվրոյի վարկ է վերցնելու, որ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունները բարելավվեն: Նախագիծն այսօր արդեն քննարկվել է ԱԺ-ում։

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները հերթական պետական վարկ սպասարկելու պարտավորություն են ստանձնելու, ինչի դիմաց ստանում են և ամենայն հավանականությամբ կշարունակեն ստանալ թերի ու անորակ ջրամատակարարում, քանի որ ութ տարվա ընթացքում համակարգի աշխատանքը չբարելաված կառավարությունից ու մասնավոր ընկերությունից սպասելիքները դժվար թե լավատեսական լինեն: Ավելին, հանրությունն անգամ հույս չունի, թե ամառային ամիսներին ջրանջատումները 3- 4 ժամից ավելի չեն լինի: Ինչ սպասել մի կառավարությունից, որը օրեր անց խոստումնազանց է լինում:

Թագուհի Ասլանյան

Send