Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ այլևս չի կարելի դիտարկել որպես պատահական կամ իրավիճակային լարվածություն։ Այն վերածվել է համակարգված քաղաքական գծի, որի առանցքում ակնհայտ վախն է՝ եկեղեցուց որպես հասարակական ազդեցության կենտրոնից։ Այդ վախն այնքան խորն է, որ իշխանությունը անցել է գործնական սահմանափակումների՝ սրբազանների նկատմամբ կիրառելով երկրից բացակայելու արգելքներ։
Հատկանշական է, որ այդ արգելքները կիրառվում են ոչ թե կամայական պահի, այլ հենց այն ժամանակ, երբ սրբազանները պատրաստվում են մեկնել եպիսկոպոսաց ժողովի։ Այս հանգամանքը պատահական համարել հնարավոր չէ։ Եպիսկոպոսաց ժողովը եկեղեցու ներքին կյանքի կարևորագույն կառույցներից է, որտեղ ձևավորվում են համընդհանուր դիրքորոշումներ, հնչում են գնահատականներ և ընդունվում են որոշումներ, որոնք ունեն ոչ միայն եկեղեցական, այլև հասարակական արձագանք։ Եվ հենց այդ հավաքն է, ըստ էության, դառնում իշխանության վախի հիմնական պատճառը։
Եկեղեցին Հայաստանում միայն կրոնական կառույց չէ․ այն ազգային ինքնության, պատմական հիշողության և հանրային վստահության ինստիտուտ է։ Իսկ այն պահին, երբ քաղաքական իշխանությունը կորցնում է հասարակության լայն շերտերի վստահությունը, ցանկացած այլ ազդեցիկ կենտրոն ընկալվում է որպես սպառնալիք։ Փաշինյանի իշխանության դեպքում այդ սպառնալիքը դարձել է հենց եկեղեցին՝ իր խոսքի ուժով, բարոյական հեղինակությամբ և հանրային լսարանով։
Սրբազանների նկատմամբ երկրից դուրս գալու սահմանափակումների կիրառումը իրավական տեսանկյունից ծայրահեղ վիճելի է, իսկ քաղաքական առումով՝ բացահայտ վախի դրսևորում։ Երբ պետությունը չի կարող հակադարձել գաղափարով, փաստարկով կամ հանրային բանավեճով, այն դիմում է վարչական ճնշման։ Սա դասական իշխանական ռեակցիա է ոչ թե ուժի, այլ թուլության պայմաններում։
Փաշինյանը տարիներ շարունակ փորձել է ձևավորել «հին–նոր», «սև–սպիտակ» բաժանարար գծեր։ Եկեղեցին, իր բնույթով, այդ սխեմայի մեջ չի տեղավորվում, քանի որ չի ենթարկվում կուսակցական տրամաբանության և չի կառավարվում գործադիրից։ Այդ իսկ պատճառով այն պետք է կամ լռեցվի, կամ մեկուսացվի։ Սրբազաններին երկրից բացակայելու արգելք դնելը, հատկապես եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին, հենց այդ մեկուսացման ամենախոսուն գործիքներից է։
Այս քաղաքականությունը վտանգավոր է ոչ միայն եկեղեցու, այլև պետության համար։ Երբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դասում սահմանադրական հավասարակռությունից և փաստացի խոչընդոտում է հոգևոր կառույցի ներկայացուցիչների մասնակցությունը իրենց իսկ համաեկեղեցական հավաքներին՝ առանց հանրային համոզիչ հիմնավորումների, դա հարված է իրավական պետության գաղափարին։ Այստեղ հարցը այլևս կրոն–պետություն հարաբերությունների մասին չէ, այլ իշխանության՝ որևէ ինքնուրույն ինստիտուտի գոյությունը չհանդուրժելու մղման։
Ի վերջո, եթե իշխանությունը վստահ լիներ իր դիրքերում, եկեղեցու համախմբված խոսքը, առավել ևս՝ եպիսկոպոսաց ժողովի ձևաչափով, չէր ընկալվի որպես սպառնալիք։ Վախը ծնվում է այն ժամանակ, երբ իշխանությունը գիտակցում է՝ հասարակությունը կարող է լսել ոչ միայն իրեն։ Եվ այսօր սրբազանների նկատմամբ կիրառվող երկրից բացակայելու արգելքները հենց այդ գիտակցման ամենավառ ապացույցն են։
Նարե Գնունի

Русский