Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեից։
«Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասացին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Էմմա Մարտիրոսյան

Русский