Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բուհական կրթությունն անվճար կդառնա՞

Blog Image

Հայաստանում բարձրագույն կրթությունը լիովին անվճար դարձնելու գաղափարը կրկին ակտիվ քննարկման փուլում է։ Երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, օրինակ բերելով Վրաստանը, խոսեց կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելու կարևորության մասին։ Սակայն արդյո՞ք նման քայլը միայն դրական հետևանքներ կունենա, ինչպե՞ս այն կազդի տնտեսության վրա և արդյո՞ք պետությունը պատրաստ է այդքան մեծ թվով շրջանավարտների անվճար կրթել։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ, ով ռիսկային համարեց նման որոշումը։ Տնտեսագետի կարծիքով՝ խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների մեջ չէ, այլ առաջին հերթին՝ կրթության որակի։

«Վերցնում են օրինակ մի երկրից, որը, իհարկե, շատ առաջընթաց ունի մեր երկրի համեմատ, բայց կրթության ոլորտում ես չեմ կիսում այդ մոտեցումը։ Պետք չի, որ մենք պոպուլիզմի գիրկն ընկնենք ու ճարահատյալ քայլեր անենք մարդկանց գրավելու համար։ Կրթությունը, ինչպես ցանկացած ծառայություն կամ ապրանք, որակի հետ կապված հասկացություն է։ Եթե մենք այն դարձնենք լիովին անվճար, դրանով կարող ենք նաև իջեցնել որակը, որը առանց այն էլ փայլուն վիճակում չէ Հայաստանում»,– նշեց  Մանասերյանը։

Տնտեսագետն ընդգծում է, որ առանց դասախոսական կազմի որակի բարձրացման, որևէ համակարգային բարեփոխում արդյունավետ չի լինի։ 

«Նախ պետք է բարձրացնել գիտելիք տվողի որակը, իսկ մենք, ցավոք, այստեղ էլ խնդիր ունենք։ Այսօր երիտասարդը շատ դեպքերում ինքնուսուցմամբ է կարողանում առաջընթաց գրանցել»,- ասաց Մանասերյանը։ 

Մյուս կողմից, բուհերը կարող են դառնալ գերծանրաբեռնված։ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ այսօր նույն դասախոսները դասավանդում են միաժամանակ մի քանի բուհերում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր։ Նոր կադրեր կան, բայց քիչ են և չեն բավարարում համակարգի պահանջարկը։ Եթե ուսանողների թիվը կտրուկ աճի, իսկ դասախոսների և ենթակառուցվածքների զարգացումը հետ մնա, համակարգը պարզապես չի դիմանակ այդ ծանրաբեռնվածությանը։

Ինչ վերաբերում է պետական ծախսերին, ապա, իհարկե, բյուջեի ծախսերը կավելանան, բայց դա ամենամեծ վտանգը չէ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը նույնիսկ հստակ չի պատկերացնում՝ ինչ մասնագետներ պետք է պատրաստի։

«Մենք չունենք երկրի զարգացման հստակ տեսլական։ Պետք է հասկանալ՝ ինչպիսի տնտեսություն ենք ուզում կառուցել՝ առևտրայի՞ն, թե՞ գիտելիքահեն։ Առանց այս հարցի պատասխանի՝ պարզապես անվճար կրթություն ապահովելը կարող է բերել ավելորդ մասնագետների կուտակման»,- նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ կա նաև ռիսկ, որ աշխատաշուկան չի կարողանա կլանել մեծ թվով շրջանավարտների, ինչը կարող է բերել թաքնված գործազրկության կամ աշխատուժի արտահոսքի։ Միևնույն ժամանակ, Մանասերյանը նշում է, որ լիարժեք զբաղվածությունն ինքնին միշտ չէ, որ դրական է։ 

«Չի կարող լինել բացարձակ զբաղվածություն, որոշ չափով գործազրկությունը խթանում է տնտեսության զարգացումը։ Եթե ամբողջությամբ զբաղվածություն ենք ապահովում, որևէ մրցակցություն չկա և չեն վախենում, որ կկորցնեն իրենց աշխատանքը  և ստիպված չեն  ավելի բարձր որակի աշխատանք և արդյունք ցույց տալ»,- ասաց Մանասերյանը։ 

Ամփոփելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ առանց  հստակ ռազմավարության և համակարգային բարեփոխումների, նման քայլը կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել, քան՝ լուծել։

Ալիտա Եղիազարյան

Send