Այսօր ադրբեջանական մամուլը, հղում կատարելով իրենց մաքսային կոմիտեի հրապարակած տվյալներին, տեղեկություն էր տարածել, թե մարտ ամսվա ընթացքում առաջին անգամ Հայաստանից ապրանք է ներկրել, որի ընդհանուր գումարը 960 դոլար է կազմել։ Սակայն չի հստակեցվել, թե ինչ տեսակի ապրանքի մասին է խոսքը։ Փոխարենը կառույցը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանք, որից 1 մլն 537 հազար դոլարի ապրանքն արտահանվել է մարտի ընթացքում։ Ադրբեջանից Հայաստան արտահանվող ապրանքի ծագումը հայտնի է՝ արդեն մի քանի խմբաքանակով ադրբեջանական բենզին է ներկրվել մեր երկիր։ Իսկ ինչու է գաղտնի պահվում հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ադրբեջան իրականացված առևտրային գործարքի բաղադրությունը, հարցեր է առաջացնում։
Եվ մինչ հայ հանրությունը փորձում է գուշակել, թե ի վերջո Հայաստանն ինչ ռազմավարական կարևոր նշանակության ապրանք կարող է առաջարկել Ադրբեջանին, որի կարիքն այդ պետությունն ունենա, ՀՀ ՊԵԿ-ից MediaHub-ին տեղեկացրին, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Ստացվում է, որ կամ ՀՀ ՊԵԿ-ն է ստում, կամ լավ տեղեկացված չէ, կամ ադրբեջանական կառույցն է ապատեղեկատվություն տարածում՝ ի աջակցություն ՀՀ իշխանությունների, որոնք պարբերաբար խոստումներ ու հավաստիացումներ են շռայլում, թե շուտով Հայաստանը ևս կսկսի ապրանք արտահանել Բաքու և այդպիսով կնպաստի երկու երկրների միջև երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարային մեկնարկին։ Այլապես իշխանությունները ընդդիմությանը հակադարձելու ոչինչ չեն ունենում, երբ նրանց հանդիմանում են, թե Ադրբեջանի հետ ապաշրջափակումը միայն Ադրբեջանին է ձեռնտու և ապրանքների արտահանումը միակողմանի է։
Հիմա արդեն Գևորգ Պապոյանը կարող է իր ֆեյսբուքյան էջում հերթական լավ լուրը հայտնել այն մասին, թե վերջապես հայկական ապրանքները ևս ուղևորվեցին դեպի Բաքու։
MediaHub-ը հետաքրքրվեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանից, թե ադրբեջանական մաքսային կոմիտեն ինչ է նկատի ունեցել Հայաստանից մոտ հազար դոլարի ներմուծման մասին տեղեկություն հրապարակելով, հնարավո՞ր է այդ ապրանքն Ադրբեջան մտած լինի՝ առանց ՀՀ ՊԵԿ-ում գրացման։ Տնտեսագետն ասաց, որ չի բացառվում Բաքու մեկնող տարատեսակ հայաստանյան պատվիրակությունների ու հանձնաժողովների կողմից այդ պետություն որպես նվեր տարած ապրանքների մասին է խոսքը։
Հրայր Կամենդատյանի կարծիքով Հայաստանը ոչինչ չունի Ադրբեջանին առաջարկելու, ինչի կարիքը Ադրբեջանը կունենա։ Հայկական սննդի հանդեպ այդ երկրում վստահություն չկա և կվախենան հայկական սնունդ կամ ծխախոտ ներմուծելուց։ Իսկ ոչ թանկարժեք մետաղներն այնքան են թանկացել, որ այնտեղ մրցունակ չեն։
Թագուհի Ասլանյան

Русский