Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վարորդներն այսուհետ կհորդորեն վճարել հանրային տրանսպորտի համար․ արդյո՞ք նրանք համաձայն են

Blog Image

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վարորդներն այսուհետ պետք է շարունակեն իրենց աշխատանքը՝ նաև վճարման համակարգին հետևելով․ վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կամ վճարեն, կամ ավտոբուսից իջնեն։

«Մեր հասարակական կարգի պահպանության ծառայությունը պետք է շարունակի իր աշխատանքը, և, սիրելի երևանցիներ, երբ որ դուք տեսնում եք, որ վարորդը դադարեցրել է երթևեկությունը և պահանջում է, որ ուղևորը կամ վճարի, կամ իջնի ավտոբուսից, կամ տրոլեյբուսից, ես խնդրում եմ ձեր աջակցությունը վարորդին։ Պետք չի նյարդայնանալ, պետք չի ավել որևէ բառ և նախադասություն ասել, երբ որ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կամ վճարեն, կամ ավտոբուսից իջնեն, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ։ Իրոք չափը լավ բան է»,- ասաց Ավինյանը։

Արդյո՞ք վարորդները համաձայն են քաղաքացիներից պահանջել, որ վճարեն կամ իջնեն ավտոբուսից․ հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ։

Ասատրյանը նշեց, որ ավտոբուսի վարորդների աշխատանքային պայմանագրերում նշված է, որ անհրաժեշտության դեպքում ուղևորներին պետք է զգուշացնեն, որպեսզի ուղեվարձը վճարեն օրենսդրության սահմանած կարգով։

«Ինչ վերաբերում է արդյունավետությանը կամ վարորդների դժգոհությանը, ապա այսպես թե այնպես վարորդներն իրականացնում են աշխատանքային պայմանագրից բխող գործառույթները, բնականաբար, հեշտ չի, որոշակի ավել նյարդեր են պահանջվում, բայց այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստին թվեր ներկայացվեցին, ինչը ցույց է տալիս՝  արդյունավետ է այս մեխանիզմը»,- նշեց Ասատրյանը։

MediaHub-ը դիտարկում արեց, թե որքան պետք է վարորդը կանգնի սպասի մինչ վճարեն, արդյո՞ք այդ գործը չպետք է իրականացնեն հսկիչները․ «Հսկիչները ֆիզիկապես, բնականաբար, չեն կարող գտնվել բոլոր հանրային տրանսպորտներում, սակայն, քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ աշխատանքի են հրավիրում հսկիչների, ես լիահույս եմ, որ թվաքանակի մեծացմամբ հարցը կկարգավորվի, բնականաբար չկա սահմանված կետ, որ վարորդը պետք է կանգնի օրինակ՝ 5 րոպե կամ 30 րոպե, իրավիճակային է կարգավորվում»։

Իսկ ինչ վերաբերվում է վթարներին, որոնք վերջերս շատ են նկատվում ավտոբուսների շրջանում, ապա Ասատրյանը նշեց․ «Այս պահին ես թվաքանակով չեմ կարող ասել, սակայն որևէ կրիտիկական աճ չունենք վթարների։ Եվ անգամ եթե նայում ենք վթարներին,  կեսից շուտ դեպքերում մեղավորը հանրային տրանսպորտը չէ»։

Սակայն, այս ամենից հարց է ծագում, եթե քաղաքացիները սկսեն  պարտադրել մյուս քաղաքացիներին, որ վճարեն ուղեվարձը, արդյո՞ք այդ դեպքում այս ամենը վիճաբանության չի վերածվի քաղաքացիների միջև և ավելի չի բարդացնի խնդիրը։

Send