Հայ խոշոր տնտեսվարողներն արդեն իրենց մաշկի վրա զգում են Ռուսաստանի Դաշնության հետ Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքները։ Այն բանից հետո, երբ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը եվրոպական հովերով տարված Փաշինյանը հայտարարեց՝ երբ որ Հայաստանը նպատակահարմար գտնի առևտրատնտեսական հարաբերությունները խորացնել Եվրամիության հետ, այն ժամանակ հրաժեշտ կտա Եվրասիական տնտեսական միությանը, իսկ մինչ այդ կշարունակի օգտվել ԵԱՏՄ շուկայի բարիքներից, Ռուսաստանը խստացրեց երկիր ներմուծվող հայկական արտադրանքի հանդեպ վերահսկողությունը։
Եվ եթե մինչ այդ ռուսաստանյան շուկան վերահսկող կառույցները աչք էին փակում հայ տնտեսվարողների մի շարք թերացումների վրա, ապա ՀՀ վարչապետի հանդուգն հայտարարություններից հետո թե՛ Հայաստանից ներմուծվող ծաղիկների հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, թե՛ Պռոշյանի գործարանի արտադրած կոնյակը, պարզվեց, կեղծված է․ անգամ ընկերությանը զրկեցին լիցենզիայից։ Ավելին, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի շուկայում վերահսկողություն իրականացնող գործակալությունը կոնյակ արտադրող հայկական ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Օրերս էլ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսեթիայի և Ալանիայի ինքնավար Հանրապետության վարչությունը նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված վերաբացել է Վլադիկավկազում 65-ամյա տղամարդու մահվան հետ կապված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru պարբերականը։
Հիշեցնենք, 2024 թվականի փետրվարի 13-ին իրավասու մարմինները տեղեկացրել էին, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած 65-ամյա Օլեգ Գուստովը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՝ ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի երկրորդ մասով (սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան)։ Մահացած տղամարդու հարազատները վնասի վերականգնման հայց էին ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` պահանջելով 1,5 մլրդ ռուբլու փոխհատուցում և արտադրանքի վաճառքի դադարեցում։ Դեպքից հետո «Ջերմուկ գրուպը» հայտարարություն էր տարածել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ Ընկերությունից պարզաբանել էին, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացվել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա:
Բացի այդ, ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Արդյունքում, ՌԴ ամբողջ տարածքում վերացվել էին «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները, իսկ գործը կասեցվել էր։ Թե ինչը խթան դարձավ գործը վերաբացելու համար, արդյո՞ք Փաշինյանի հակառուսական հայտարարություններն ու չափից դուրս ինքնավստահ հայացքը ստիպեցին դաս տալ ՀՀ վարչապետին՝ դեռևս հայ տնտեսվարողների հանդեպ համապատասխան վերաբերմունքով։ Ակնհայտ է, որ Հայաստանից ներմուծված ապրանքների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը սկսվեց Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Իսկ նման զուգադիպություններ սովորաբար չեն լինում մանավանդ մեծ քաղաքականության մեջ և բոլորովին զարմանալի չի լինի, որ այս գործի շրջանակում հերթական անգամ արգելվի հայկական «Ջերմուկի» ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում, և ընկերությունը հսկայական շուկա կորցնի։
Փորձագետների գնահատականով՝ ռուսական շուկայում իրացվում է արտահանվող «Ջերմուկի» 60 տոկոսը, և այդ առումով Ռուսաստանն ընկերության համար առանցքային գործընկեր է։ Թեև Նիկոլ Փաշինյանն այդպես չի կարծում և ամեն ինչ անում է հատկապես իրեն հավատարիմ խոշոր գործարարների գործերին քար գցելու համար՝ հորդորելով զինվել համբերատարությամբ մինչև Եվրոպական շուկա դուրս գալը։ Իսկ եվրոպական շուկան, համենայն դեպս առայժմ, ավելի շատ ուտոպիստական խոստում է թվում տնտեսվարողներին, որոնց բիզնեսները Փաշինյանի թեթև ձեռքով մեծ վտանգի տակ են հայտնվել։ Հատկանշական է, որ ՌԴ համապատասխան կառույցների մանրադիտակի տակ են հայտնվել առաջին հերթին իշխանամերձ, փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բիզնեսները։
Վերջերս, ինքն իր ստվերի հետ կռիվ տալով, Փաշինյանը սպառնում էր գործարար Սամվել Կարապետյանին, թե նրան բոմժ կդարձնի, և հիմա երևի իր մերձավոր գործարարների շրջանում խոստումը բարեհաջող իրականացնելու համար փորձառություն է ձեռք բերում։
Թագուհի Ասլանյան

Русский