Շաբաթ օրը Իսլամաբադում տեղի ունեցավ հանդիպում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև՝ ուղղված առկա հակամարտության կարգավորմանը։ Չնայած նախկին բանակցություններում ամերիկյան կողմի պարտավորությունների խախտման փորձերին և ընդհանուր անվստահությանը, իրանական կողմը համաձայնել է մասնակցել այս փուլին՝ Պակիստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին։
Հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ կողմերը ունեցել են մի շարք կարևոր քննարկումներ, սակայն որևէ համաձայնության չեն հասել։
Իրանագետ Փույա Հոսսեինին MediaHub-ի հետ զրույցում ներկայացրել է համաձայնության չհասնելու պատճառները։
«Պատճառը համ Հորմուզի նեղուցն է, համ Իրանի միջուկային ծրագիրը, այդ երկու կետը շատ խնդրահարույց է։ ԱՄՆ-ն, ցավոք, 40 օրվա պատերազմից հետո էլի կառուցողական մոտեցում չունի, միայն թելադրանքի դիրքով է խոսում Իրանի հետ։ Եկել են բանակցությունների, որը ենթադրում է որոշ փոխզիջումներ, ոչ թե թելադրող հայտարարություններ»,- ասաց իրանագետը։
40 օր ԱՄՆ նախագահն ասում էր, որ իրենք հաղթել են և որ ամբողջ իրանական ռազմական ուժերը վերացրել են, Իրանը այլևս ռազմական ուժ չունի։ Բայց Իրանը չի համաձայնում Միացյալ Նահանգների թելադրանքներին և միակողմանի պայմաններին և պատրաստ է, եթե ԱՄՆ-ն նորից ագրեսիա գործադրի Իրանի դեմ։
«ԱՄՆ-ն այդ 40 օրից դաս չի ստացել և էլի շարունակում է անհարգալից և անարդար խոսել Իրանի հետ, և դա է խնդիրը։ Եթե ԱՄՆ-ն բանակցություն է ուզում և ուզում է, որ պատերազմը դադարի, պետք է փոխզիջումային պլան ունենա, որպեսզի կարողանա այդ պատերազմից երկու կողմի համար շահավետ պայմանով դուրս գալ։ Բայց իրենք չեն ուզում և նորից փորձում են մեկուսացնել Իրանին, որպեսզի թույլ չտան Հորմուզի նեղուցից Իրանի նավթը և այլ ապրանքներ արտահանվեն»,- ասաց Հոսսեինին:
Իրանագետի գնահատմամբ՝ Իրանի արձագանքն էլ այնպիսին կլինի, որ եթե Իրանը չկարողանա նավթ արտահանել, ուրեմն ոչ մի երկիր էլ չի կարող մի կաթիլ նավթ արտահանել․ Իրանը կարող է փակել նեղուցը, ինչը կհանգեցնի ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի և նավթի գների կտրուկ աճի։
Միացյալ Նահանգները պատերազմի սկզբից մինչև այս փուլը սխալ հաշվարկների մեջ է եղել և դրա հետևանքները տեսել է, բայց շարունակում է պնդել իր սխալները և չի փորձում դրանք ուղղել։
Հարցին, թե հնարավոր է պատերազմի շարունակություն, թե՞ նոր բանակցություններ կլինեն, իրանագետը պատասխանեց, որ Իրանը ոչ մի դեպքում միակողմանի պայմաններ չի ընդունի։ Եթե պատերազմը նորից սկսվի, Իրանը կրկին դիմադրելու է և տալու է համարժեք պատասխան։
«Չենք կարող 100 տոկոսով ասել, որ պատերազմը կվերսկսվի, բայց բանակցությունների պատուհանը դեռ փակված չէ։ Սակայն տեսել ենք, որ ԱՄՆ-ը հաճախ այդ բանակցությունները օգտագործում է ոչ թե հարցը լուծելու, այլ իր ռազմական ներուժը վերականգնելու և հետո նորից հարձակվելու համար»,- եզրափակեց իր խոսքը Հոսսեինին։
Ալիտա Եղիազարյան

Русский