Ստրասբուրգի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակն իր համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ ռեզերվ։ Նա թվարկեց անվտանգության մասին իր պատկերացումների առաջնահերթությունը, մատնանշեց երեք կետ, որոնցից և ոչ մեկում բանակը տեղ չուներ։ Այդ իր ելույթը ողղված էր ոչ թե միջազգային հանրությանը, այլ ուներ հստակ հասցեատեր ու դա Ալիևն էր։
Այլ խոսքով ասած, Նիկոլ Փաշինյանը Ալևին բաց տեքստով ասաց, որ Հայաստանը չի պատրաստվում ռազմական առումով հզորանալ, հետևաբար Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել։ Սակայն միևնույն ժամանակ Ալիևը շարունակում է զինվել ու ադրբեջանական բանակի ռազմական հզորությունը համարում է պետության գերակա առաջնահերթություն։
Բայց անկախ նրանից, թե ինչ է անում Ալիևը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կա՛մ քաղաքական տգիտություն է, կա՛մ պարտադրանք՝ որպես պարտվածի։
Ըստ նրա՝ անվտանգության թիվ մեկ երաշխիքը խաղաղությունն է, այնուհետև համագործակցությունը, հետո՝ փոխշահավետությունը։ Մինչդեռ թե՛ խաղաղությունը, թե՛ պատերազմը միջպետական հարաբերություններ են ու յուրաքանչյուրը կարող է փոխվել քաղաքական շահի ու առկա խնդիրների փոփոխման արդյունքում։ Եթե փոխվում է շահը, եթե առաջանում է խնդիր, որը պահանջում է պարտադիր լուծում, ապա դիվանագիտական լուծման եղանակների սպառման արդյունքում միակ գործիքը դառնում է պատերազմը։ Հենց այստեղ էլ շեշտակի աճում է բանակի կարևորությունը, սակայն եթե պետության ղեկավարը բանակը չի դիտարկում որպես անվտանգության երաշխիք, ապա ի սկզբանե իրեն դատապարտում է պարտության։
Հետևաբար անվտանգության երաշիքը ոչ թե միջպետական հարաբերությունն է, լինի դա խաղաղության, համագործակցության, թե փոխշահավետության տեսքով, այլ բանակը, գրագետ դիվանագիտությունը, քաղաքական կամքը, հուսալի գործընկերներ ու դաշնակիցներ ունենալը, նաև միջազգային հուսալիության համբավ ձեռք բերելը։
Ահա այդ գործոններն էլ հենց հանդիսանում են անվտանգության մեխանիզմները, որոնցից ցավոք և ոչ մեկը առկա չէ Հայաստանում։
Կարեն Կարապետյան

Русский