Քաղաքականության մեջ գործում է ոսկե կանոն․ դաշտն անպայման պետք է հագեցած լինի օրակարգով, ու երբ իշխանություն-ընդդիմություն թևերից որևէ մեկը չի առաջադրում օրակարգ, ապա անպայման այն լրացնում է մյուսը։ Մնացածը՝ կեղծ, թե իրական օրակարգ, ընդամենը պիտակներ են, որոնք ռեալ քաղաքականության մեջ ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում։ Քաղաքական ուժը պետք է օրակարգ գեներացնի, կարողացա՞վ դա անել, հաջողության կհասնի, ոչ՝ ապա իր փոխարեն դա կանեն ուրիշները։
Ընտրություններին մնացել է շուրջ երկու ամիս, այսինքն՝ ժամանակ գրեթե չկա, ու այն հռետորաբանությունը, որը վերցրել է ընդդիմությունը, այն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ենթադրում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է այնպիսի ակտիվությամբ աշխատեր, այնպես դաշտը լցներ սեփական օրակարգով, որ իշխանությունը հայտնվեր ընդամենը պաշտպանվողի ու այդ օրակարգի հետևից գնացողի դերում։ Սակայն ցավալիորեն մենք տեսնում ենք հակառակը։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ ընդդիմությունը դեռևս գտնվում է կոնսուլտացիաների փուլում, իսկ իշխանությունը բախում է քաղաքացիների դուռը։ Այսինքն այն, ինչ պետք է աներ ընդդիմությունը, այցելեր քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, բախեր յուրաքանչյուր դուռ, եթե դռնից դուրս անեին, պատուհանից ներս մտներ, նույն բանն անում է իշխանությունը։ Ընդ որում, անում է այնպիսի ակտիվությամբ, որ դրանից հետո ցանկացած այն դուռը, որը կծեծի ընդդիմությունը, եթե իհարկե ծեծի, արդեն կլինի ուշացած, որովհետև այդտեղով անցած կլինի «Նիկոլի շունչը»։
Քաղաքականությունը, Պլատոնի բնութագրմամբ, ստեղծագործություն է և ներկայացում, այլ ոչ ընդամենը խոսք։ Եթե ընդդիմությունն իրոք ցանկանում է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա չպետք է բավարարվի զուտ չհիմնավորված ներքին համոզմամբ, իբր ինքն արդեն հեռացրել է նրան ու մնում է միայն հունիսի 7-ին այն արձանագրել։ Այլ խոսքով ասած, չպետք է ապավինի միայն խոսքին, այլ պետք է աշխատի ու աշխատի օրնիբուն։ Որքան էլ նրա խոսքը եթերով գեղեցիկ հնչի, ոչինչ չի կարող փոխարինել այն մթնոլորտին, որը ստեղծվում է, երբ բախում են քաղաքացու դուռը ու դռան դիմաց հայտնվում է Նիկոլը։ Եթե նույնիսկ դուռը բացելուց 5 րոպե առաջ այդ մարդը հայհոյում էր իշխանությանը, ապա վստահաբար դռան առջևի հայտնված Նիկոլի կերպարանքը ինչ-որ չափով կարող է փոխել մոտեցումը թեկուզ այն պատճառով, որ նա բացի Նիկոլից, դեռևս մեկ ուրիշին իր դռան դիմաց կանգնած չի տեսնում։ Ընդ որում, այդ դուռը պետք է թակեն ոչ թե քաղաքական ընդդիմադիր ուժերի երիտասարդները բուկլետները ձեռքներին, այլ հենց ընդդիմության առաջնորդները։ Այդպես է հնարավոր հասնել հաջողության, այդպես է հնարավոր մեկտեղել հանրային դժգոհությունը, այդպես է հնարավոր հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Այլ ճանապարհ այսօր չկա, մնացյալ բոլոր մեթոդները՝ հարցազրույց, ճեպազրույց, ելույթ, լայվ, ասուլիս, հոդված, սոսկ օժանդակող գործիքակազմ են, բայց այլևս ոչ հիմնականը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ։ Օրինակ՝ օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գորիս, ու այն մարդիկ, որոնք վերջին անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյան ում տեսել էին, արդեն նախկին ընդդիմադիր Առուշ Առուշանյանն էր, ու հանկարծ իրենց տուն է բառիս բուն իմաստով ներխուժում Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր նրանք, որոնք կարծում են, թե դա որևէ ազդեցություն չի թողնելու, ուրեմն կա՛մ զբաղված եմ միտումնավոր ինքնախաբեությամբ, կա՛մ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։
Իսկ Նիկոլ Փաշինյանը դժբախտաբար այդ ամենը շատ լավ է հասկանում ու ոչ միայն հասկանում, այլ գործում, որովհետև նա քաղաքականությանը առնչվել է փողոցում, այլ ոչ աշխատասենյակի պատուհանից, նա մարդկանց հետ շփվել է ուղիղ, այլ ոչ՝ միջնորդավորված։ Բայց ցավալիորեն այդ ամենը նա օգտագործում է ի շահ սեփական իշխանության պահպանման ու ի դժբախտություն պետության և հասարակության։
Կա մի կարևոր հանգամանք ևս․ Նիկոլ Փաշինյանն այսօր փոխում է նաև հաջորդ ընտրությունների տրամաբանությունը։ Մարդիկ արդեն սովորում են իշխանությանը տեսնել իրենց դռները թակելիս ու «կաստյում-գալստուկների», ինչպես նաև բուկլետների ժամանակաշրջանը մնում են անցյալում։ Ընդդիմությունը պետք է լավ հասկանա ժամանակի փոփոխությունն ու դուրս գա դահլիճներից, դադարեցնի երկարաշունչ կոնսուլտացիաները ու այլևս ոչ ոքի չհետաքրքրող պանելային քննարկումները և դուրս գա փողոց, մտնի մարդկանց տներ։ Կարողացա՞վ դա անել, կհասնի հաջողության, ոչ՝ ապա պետք է խոստովանի, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրման մեղավորներից մեկը նաև ինքն է, թեկուզ ակամա։ Այսօրվա ընտրությունները նաև ջրբաժան են «հին» ու «նոր» քաղաքականության։ Բոլոր այն ուժերը, որոնք կխորշեն մարդկանց դռները բախելուց, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք այցելելուց, արագ կվերանան քաղաքական երկնակամարից՝ իրենց տեղը զիջելով նոր մտածողությամբ օժտված միավորներին։
Կարեն Կարապետյան

Русский