Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

ՀՀ քաղաքացին ու Փարիզի գագաթնաժողովի դեկորատիվ խնձորը Փաշինյանի համար ունեն նույն նշանակությունը

Blog Image

Նիկոլ Փաշինյանի՝ տնքոցով լավաշ ուտելը ո՛չ որկրամոլության հետ է կապված, ո՛չ էլ որևէ էսթետիկ հաճույքի, քանի որ լավաշը որքան էլ հայկական ազգային հաց լինի, այնուամենայնիվ, այն ուտելիքը չէ, որն ուտելուց պարտադիր պետք է տնքալ։

Առհասարակ թե՛ պեռաշկին, թե՛ կուկուռուզը, թե՛ գագաթնաժողովի ժամանակ դեկորացիայի նշանակություն ունեցող խնձորը և թե՛ սովորական ու թթու լավաշ ուտելը ամենևին էլ պատահական չեն ընտրված։ Նման քայլով Փաշինյանը ներխուժում է յուրաքանչյուր քաղաքացու տուն, դառնում «նրանց տղեն» ու «մեկը նրանցից»։

Այդ տեսարանը դիտողն իրեն հավասար է պատկերացնում երկրի ղեկավարի հետ, վերանում է այն անջրպետը, որն իրականում կա ինտելեկտուալ ոչ բարձր մակարդակի վրա գտնվող իշխանական երդվյալ ընտրողի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Երկուսն էլ ուտում են օրերով նույն ձեթի մեջ պատրաստվող պեռաշկին ու երկուսն էլ ժամերով տառապում ստամոքսի այրոցից։ Նրանք այլևս դառնում են նույն մարդը ու ենթագիտակցորեն նիկոլական երդվյալ ընտրողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ ինքն իրոք մասնակցություն ունի երկրի կառավարման գործում, որ ինքն իրոք որոշող է, որ ինքն այն քաղաքացին է, որին պատկանում է իշխանությունը ու ինքն էլ «իրենցից մեկին», Նիկոլ Փաշինյանին ընդամենը գործուղել է կառավարություն, որպեսզի վերջինս այնտեղ կատարի իր հանձնարարությունը ու կյանքի կոչի իր կողմից «ձևավորած» օրակարգը։

Խեղճը նույնիսկ չի էլ կարող պատկերացնել, որ ինքն իրականում սոսկ իշխանական քարոզչության սնունդն է, ինքը ճիշտ այն նույն ուտելու համար չնախատեսված դեկորատիվ խնձորն է, որը Փարիզի գագաթնաժողովին դրված է սեղանին ու որը Նիկոլ Փաշինյանը կերավ։ Այլ խոսքով՝ թե՛ այդ խնձորը, թե՛ ՀՀ քաղաքացին Նիկոլ Փաշինյանի համար ունեն նույն նշանակությունը, երկուսին էլ կարելի է օգտագործել, եթե դա օգուտ կբերի իր վերարտադրությանը։

Նիկոլ Փաշինյանի ուտելու պրոցեսը նկարահանելու երկրորդ նպատակը պայմանավորված է իր կողմից մոգոնված կամ իրեն հրամցված «իրական Հայաստան» գաղափարախոսության հետ։ Այդ գաղափարախոսությունից իսպառ բացակայում են ազգային արժեքներն ու ազգային նպատակները, այն ամբողջովին խարսխված է «այստեղ հաց, այստեղ կաց» տրամաբանության վրա, հետևաբար որպեսզի այդ գաղափարախոսությունն ամրագրվի ՀՀ քաղաքացու ուղեղում, նրան անդադար պետք է ցուցադրել ուտելու տեսարաններ։

Հետևաբար մենք ոչ թե պետք է Նիկոլ Փաշինյանին անվանենք որկրամոլ ու համարենք, որ մեր այդ պիտակավորումը կտա մեզ ցանկալի արդյունքը, այլ ՀՀ քաղաքացուն անդադար մատնաշենք, որ նա ընդամենը հերթական «ուտելիքն» է Նիկոլ Փաշինյանի նպատակների իրականացման գործընթացում։

Կարեն Կարապետյան

Send