Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, ավելի ճիշտ՝ վերջիններիս սպառնաց, որ հարգում է վարչապետի կարգավիճակն ու Հայաստանի Հանրապետությունը, և ով փորձի հակառակն անել՝ ինքը կստիպի այդ մարդուն զգալ դրա հետևանքները։
Եթե հիշենք իր հայտնի արտահայտությունը. «Կառավարությունը ես եմ», ապա ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե վարչապետի ինստիտուտի մասին է, այլ հենց իր անձի, որովհետև ինքն իր անձը նույնացնում է տվյալ ինստիտուտի հետ։ Եվ առհասարակ անձի ու ինստիտուտի միջև բաժանարար գիծն այնքան ոչ հստակ է, որ ցանկացած քննադատություն ուղղված անձին, կարելի է վերագրել վիրավորանք ինստիտուտի հասցեին ու ենթարկել քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որևէ օրենքով ամրագրված չէ, որ քաղաքացին պարտավոր է հարգել վարչապետի ինստիտուտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վարչապետի պաշտոնը, տվյալ դեպքում իր անձը նաև նույնացրեց Հայաստանի Հանրապետության հետ, ինչը կրկին իրավապահ մարմիններին թույլ է տալիս կամայական որոշումներ կայացնել՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։
Օրինակ՝ եթե մեկը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը հարբեցող է, ինչպես ժամանակին սիրում էր ասել Ալիևը, ապա կարող է քրեական պատասխանատվության ենթարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը վիրավորելու համար։
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ուղիղ տեսքով սպառնաց, որ հետայսու իր հասցեին արված ցանկացած հրապարակում, որն իր դուրը չգա, ապա դրա հեղինակին ենթարկելու է քրեական պատասխանատվության։ Ու սա ասում է նախկին լրագրողը, որը իր աշխատանքային գործունեության ընթացքում չի հարգել և ոչ մի ինստիտուտ։ Եթե վարչապետի ինստիտուտը այնպիսի սրբության սրբոց է, որը ենթակա չէ քննադատման, ապա նույնպիսի կարգավիճակ ուներ նաև ժամանակին նախագահի ինստիտուտը, բայց դա չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին լուտանքներ թափել այն ժամանակ գործող, իսկ ներկայումս նախկին նախագահների հասցեին։ Նույնպիսի ինստիտուտ էր նաև բանակը, որ գտնվում էր Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցի թիրախում, ինստիտուտ էր նաև ԱԺ-ն, սակայն Նիկոլ Փաշինյանի թերթը ժամանակին զբաղված էր պատգամավորներին թիրախավորելով, սադրելով ու շանտաժի ենթարկելով։
Բայց այդ, բոլորից վեր, շատ ավելի կարևոր ու մնայուն ինստիտուտ է եկեղեցին, ինչը և Նիկոլ Փաշինյանը փորձում է պղծել։ Եթե ինքը, լինելով երկրի վարչապետը, իրեն համարում է այնպիսի կարևորագույն անձ, որը պետք է դուրս լինի քննադատություններից, ապա Գարեգին Բ-ն, լինելով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրեթե հավասարվում է Աստծուն, հետևաբար ցանկացած քննադատական խոսք՝ Վեհափառի հասցեին, նույնանում է աստվածահայհոյությանը։
Իհարկե, այս ամենը խոսքեր են, իրականում Նիկոլ Փաշինյանը հղում է պարզագույն ուղերձ․ այսուհետ յուրաքանչյուրը գտնվելու է մանրադիտակի տակ, ու նա, դեն նետելով բոլոր դիմակները, չի էլ փորձում թաքցնել, որ բոլոր քրեական մեղադրանքները՝ կապված հասարակական ու քաղաքական գործիչների, հոգևորականների, փաստաբանների, լրագրողների ու ընդդիմադիր ակտիվիստների հետ, կատարվում են իր անմիջական հրահանգով։
Կարեն Կարապետյան

Русский