Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը հիստերիայի մեջ է ընկնում ճշմարտությանն առերեսվելուց․ ինչպես կասեր Մեսչյանը․ «Ո՞ւր պետք է փախչես ինքդ քեզանից»

Blog Image

Հոգեբանորեն ապացուցված է՝ ոչինչ մարդուն այնպես հունից չի հանում, որքան այն, երբ նրա երեսին նետում են ճշմարտությունը, ու հատկապես, երբ ինքը գիտի, որ դա իրականություն է, ինչքան էլ փորձում է հերքել այն։

Նիկոլ Փաշինյանին հաճախ կարելի է տեսնել անհավասարակշիռ վիճակում, ու պատճառն ամենևին էլ «դեղերը չխմելու» արդյունք չէ։ Երբ նրա մասին գրում են, որ «դեղերը չի խմել», դա ընդամենը վիրավորանք է, ընդ որում բովանդակազուրկ, նման՝ հայտնի «սյունյաց ողջույնին»։ Նման վիրավորանքները, եթե նույնիսկ դրանք գռեհիկ են, այնուամենայնիվ, ծառայում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ վիրավորանքները ստվերում ու երկրորդում են, հաճախ էլ առհասարակ շրջանցում են այն ողջ աղետները, որոնք բերել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ պատճառով էլ նա վիրավորանքներին նայում է մատների արանքով, հաճախ ծառայեցնում իր քաղաքական շահին, իսկ երբ նրա երեսին շպրտում են իրականությունը, նա կորցնում է հավասարակշռությունը, կորցնում ադեկվատությունն ու ընկնում հիստերիայի մեջ։

Օրինակ՝ երբ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում նրա «բարև, ժողովուրդ ջան»-ին ի պատասխան հնչեց «սյունյաց ողջույնը», նա այնպես չարձագանքեց դրան, որքան երբ անվանեցին դավաճան։ Պատճառը կրկին նույնն է, «սյունյաց ողջույնը» ընդամենը բովանդակազուրկ վիրավորանք էր, գուցե էմոցիոնալ պոռթկում, բայց «դավաճան» պիտակն արդեն ոչ միայն պիտակ չէր, ոչ միայն սոսկ վիրավորանք չէր, այլ իրականություն։

Կամ երբ Ազգային ժողովում նրան ու նրա թիմին մեղադրում են կոռուպցիայի մեջ, նորից նա կորցնում է հավասարակշռությունը, քանի որ ինքն էլ հստակ գիտակցում է, որ իր քաղաքական միավորի միակ մոտիվացիան սեփական կենսամակարդակի բարձրացման մոլուցքն է, ընդ որում շատ հաճախ անթաքույց։

Նույնն էլ տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենում։ Երբ արցախցի կինը նրան մեղադրեց Արցախը հանձնելու մեջ, Նիկոլ Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ, քանի որ նրա երեսին շպրտվեց ոչ թե վիրավորանք, այլ ճշմարտություն, որից ինքը չի կարողանում փախչել։

Արթուր Մեսչյանը շատ բնորոշ երգ ունի․ «Ո՞ւր պետք է փախչես ինքդ քեզանից»։ Ու այդպես Նիկոլ Փաշինյանը չի կարողանում փախչել ինքն իրենից։ Որքան էլ նա խոսա իր գաղափարազուրկ «իրական Հայաստանից», որքան էլ անհեթեթ բարբաջի, որ «կորցնելով Արցախը, մենք գտել ենք Հայաստանը», որքան էլ խոսա ինչ-որ հայրենասիրության մոդելներ տխմարաբանությունից, ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ հայոց պատմության մեջ իր անունը մնալու է որպես հայրենադավ ու ազգադավ։ Պատմությունը սևով-սպիտակ վրա գրելու է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, նպաստեց Արցախի հայաթափմանը, պատերազմում տվեց շուրջ 5000 զոհ ու կրեց պարտություն, Ադրբեջանին հանձնեց Հայաստանի ինքնիշխան տարածքները, հարձակվեց Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ուրացավ Հայոց ցեղասպանությունը, ազգային արժեքները, պատմական հիշողությունը, հրաժարվեց Անկախության հռչակագրից, սպասարկեց թուրք-ադրբեջանական շահերը, նպաստեց Մեծ Թուրանի գաղափարախողության իրականացմանը, ժողովրդավարության անվան տակ բանտերը լցրեց հոգևորականներով ու ընդդիմադիրներով, հայհոյանքը սարքեց քաղաքական բառապաշար, քծնեց Ալիևին ու հոխորտաց սեփական հայրենակիցների վրա․․․այդ ամենն ամրագրելու է պատմությունը, ու Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտակցում է, հետևաբար վիրավորանքներին նայում է մատների արանքով, իսկ ճշմարտությանն առերեսվելը նրան գցում է հիստերիայի մեջ։

Կարեն Կարապետյան

Send