Երեկ Նիկոլ Փաշինյանը հղում անելով National geographic-ի կողմից ցուցադրված ինչ-որ ֆիլմի, որում կործանվում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռը, փորձեց հիմնավորել Արցախի հանձնումը։ Սակայն ակամա, ինչպես իր պարագայում շատ հաճախ է պատահում, տվեց ինքնախոստովանական ցուցմունք։
Ըստ նրա՝ իրենք 2018 թվականից առ այսօր Հայաստանը դուրս են բերել կանխորոշված աղետից ու ցուցաբերել քաղաքական կամք՝ դադարեցնելու ղարաբաղյան շարժումը։
Մի կողմ թողնենք այն փաստը, որ արցախյան հարցը փակելու գործում դեր է խաղում ոչ թե, կամ ոչ այնքան Փաշինյանի կամքը, որքան Ալիևի պարտադրանքը և անդրադառնանք այն հրեշավոր հանգամանքին, որը թաքնված է այդ տողերում։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանմամբ, արցախյան հարցի փակումն իր օրակարգում է եղել դեռևս 2018 թվականին, այսինքն 44-օրա պատերազմից 2 տարի առաջ։ Ըստ այդմ, ոչինչ չէր խանգարում նրան, որպեսզի նա իր վարչապետ դառնալուց հետո ոչ թե հայտարարեր «Արցախը Հայաստան է և վերջ» կամ «Արցախյան հարցի լուծման բանակցությունները սկսում եմ զրոյական կետից», այլ ուղիղ ասեր. «ժողովուրդ, եթե Արցախը չհանձնեմ, ապա Հայաստանը կկործանվի այնպես, ինչպես կործանվեց «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռը»։
Բայց այդ դեպքում, ինչպես ինքն է ժամանակին հերթական ակամա անկեղծության ժամանակ խոստովանել, որ իրեն կանվանեին դավաճան, կմնար չհասկացված, որևէ մեկը չէր աջակցի նրան հայրենադավության իր ծրագրում, որքան էլ համեմատություններ աներ ինչ-որ ֆիլմի հետ կամ հանրությանը փորձեր սարսափեցնել վիրտուալ պատերազմով։
Հետևաբար Արցախից ազատվելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար նրան պետք էր իրական պատերազմ իր ողջ աղետալի հետևանքներով։ Ընդ որում, նա պատերազմ հրահրելուց առաջ հետևողականորեն թուլացրեց բանակը, փչացրեց հարաբերությունները ՀՀ միակ դաշնակցի հետ, պրովոկացիոն հայտարարություններով հող նախապատրաստեց Ադրբեջանի համար պատերազմ սկսելու, այնուհետև անցավ վերջնական արարին։ Հայաստանն ու Արցախը թողեց մենակ թուրք-ադրբեջանական միավորման դեմ, ներառյալ Իսրայելի ու Պակիստանի օգնությունը։
Այլ խոսքով՝ նա դեռևս 2018 թվականին գիտեր սպասվելիք պատերազմի մասին ու եթե մեզ համար շուրջ 5000 զոհը ազգային ողբերգություն է, Նիկոլ Փաշինյանի համար վիճակագրություն։
Կարեն Կարապետյան

Русский