Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ հպարտ է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել մետրոյում տեղի ունեցած միջադեպի համար։ Ռուբեն Ռուբինյանը կարող է հպարտանալ նաև Նիկոլ Փաշինյանի պեռաշկի ուտելով, նույնիսկ ոչ թե ուտելով, այլ հենց Փաշինյանի ձեռքի պեռաշկիով, սակայն Ռուբինյանի հպարտության պոռթկումները չեն փոխում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մետրոյում վեճի բռնվելով արցախցի կնոջ հետ, ասել է այն, ինչ մտածում է արցախցիների մասին։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է իր առավոտները «սիրում եմ բոլորիդ» տափակաբանության փոխարեն սկսել «ներողություն եմ խնդրում բոլորիցդ» արտահայտությամբ, բայց փաստը մնում է այն, որ նա արցախցիներին համարում է «փախածներ»։
Այս արտահայտությունից հետո յուրաքանչյուր հայ մարդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի հստակ հետևություն, որ այն, ինչ ասում է Փաշինյանն առավոտյան ցիլինդրը գլխին, այդ ամենը կեղծիք է, երեսպաշտություն, հոլիվուդյան ֆիլմի չստացված կադր, նրա իրական դեմքը երևում է այն ժամանակ, երբ ընկնում է հիստերիայի մեջ, իսկ հիստերիայի մեջ նա ընկնում է ցանկացած անգամ, երբ առերեսվում է ճշմարտությանը։
Այսօր նա արցախցիներին անվանեց «փախածներ», այն նույն արցախցիներին, որոնց հայրենի հողերը, տներն ու գերեզմանները նվիրեց Ադրբեջանին, որոնց լքեց ու թողեց ադրբեջանական բանակի դեմ միայնակ, վաղը նա պիտակավորելու է ՀՀ քաղաքացիներին ու անվանելու կապիտուլյանտներ։
Ու դրա համար նա արդեն տևական ժամանակ հող է նախապատրաստում։ Հիշենք վերջերս նրա կողմից մոգոնված «սնուցող մայրեր» ու «նահապետ հայրեր» մտացածին կերպարները։ Ըստ նրա՝ ինքն իբր 2021 թվականին ընտրապայքարի մեջ էր մտել կորցրածը հետ բերելու վճռականությամբ, սակայն քարոզարշավի ժամանակ հանդիպեց «սնուցող մայրերին» ու «նահապետ հայրերին», որոնք իրեն ասեցին՝ հո՛պ, կանգնի, մեզ ոչինչ պետք է չէ, ո՛չ Արցախ, ո՛չ հայրենիք, ո՛չ ազգային արժեքներ, ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատմական հիշողություն, ո՛չ ՀՀ ինքնիշխան տարածքներ, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ էլ Եկեղեցի։ Մեզ պետք է միայն ուտելիք ու խաղաղություն։
Ու այդպես «սնուցող մայրերն» ու «նահապետ հայրերը»՝ այլ խոսքով ասած ՀՀ քաղաքացիները, կասեցրին Նիկոլ Փաշինյանի՝ ողջ կորցրածը հետ բերելու «անկասելի» ընթացքը։ Հետևաբար ստացվում է, որ պարտության մեջ մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ հասարակությունը, ուստի եթե Փաշինյանի տրամաբանությամբ արցախցիները կարող են լինել «փախածներ», ապա նույն տրամաբանությամբ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն կարող լինել «կապիտուլյանտներ»։
Կարեն Կարապետյան

Русский