Երկու օր առաջ Իսրայելն իր քաղաքացիներին կոչ արեց խուսափել Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան այցելելուց, այլ խոսքով՝ Իսրայելը չի բացառում, որ այս երկրները այս կամ այն ձևով ներքաշվեն Իրանում տեղի ունեցող պատերազմի մեջ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, ցույց կտա ապագան։ Մասնակցություն ասելով ամենևին պարտադիր չէ հասկանալ պատերազմում ուղիղ ներգրավվելը, այն կարող է տեղի ունենալ տարբեր դրսևորումներով, օրինակ՝ սկսած մատնանշված երկրներում պրովոկացիոն բնույթի գործողություններից վերջացրած այդտեղ տեղակայված ամերիկյան օբյեկտներին ու դեսպանատներին հարվածելով։ Սակայն այսպես թե այնպես, Հայաստանը կանգնած է ուղիղ սպառնալիքի առջև, որն անտեսելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։
Սակայն մինչ իրական աղետին առերեսվելը, մենք կանգնած ենք մեկ այլ ողբերգության առաջ, այն է՝ ունենալ այնպիսի իշխանությունը, որն ամբողջովին անունակ է դիմագրավելու վերահաս մարտահրավերներին։
Յուրաքանչյուր ողջամիտ իշխանության առաջնային գործը պետք է լիներ հանրությանը նախապատրաստել սպասելիքին, հանդես գալ կոչով կամ հայտարարություններով, ձեռնարկել անվտանգային միջոցառումներ, բանակը բերել թիվ մեկ պատրաստավածության, գործի դնել քաղաքացիական պաշտպանության կառույցները և այլն։
Բայց մենք այդ ամենի փոխարեն տեսնում ենք միայն պայքար ընդդիմության դեմ, նույնիսկ այն կառույցների կողմից, որոնք թվացյալ ընդհանրապես չպետք է որևէ կապ ունենային ընտրական գործընթացների հետ։
Խոսքը տվյալ դեպքում ՀՀ հակահետախուզական ծառայության մասին է։ Այսօր այդ կառույցը հանդես եկավ զեկույցով, որում խոսք իսկ չկար այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում ու տարածաշրջանում՝ կապված Իրանում ընթացող պատերազմի հետ։ Փոխարենը այդ կառույցը փորձում էր «լեգիտիմացնել» ու «իրավական» հող նախապատրաստել ընտրությունների շեմին սպասվող իշխանական ռեպրեսիաները ընդդիմադիր ուժերի ու գործիչների դեմ։
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ապա այս զեկույցը թերևս մեջբերենք առանց որևէ փոփոխության. «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների կողմից շրջանառվող այն «համոզմունքին»՝ իբր Հայաստանը ենթարկվում է հիբրիդային հարձակման, ու ինչն էլ կանխելու համար ԵՄ-ից ակնկալվում է աջակցություն։ Ընդ որում, ԵՄ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում ընդդիմությունը ոչ մի պարագայում չկարողանա հաղթել ընտրություններում։ ՔՊ-ականների ընկալմամբ՝ ընդդիմության ցանկացած հաջողությունը «հիբրիդային հարձակման» արդյունք է, իսկ ՔՊ-ն ու Հայաստանը՝ նույնական։ Կամ շարունակում է իշխել ՔՊ-ն՝ կամ Հայաստան ընդհանրապես չի լինում։
Սակայն հանրությանը հրամցվող այս ապազգային կեղծիքը ՔՊ-ն կիրառում է նաև գործնականում։ Մինչ նրանք պայքարում են ինչ-որ «հիբրիդային հարձակման դեմ», Հայաստանը կանգնած է իրական պատերազմի շեմին, սակայն քանի որ այն ուղիղ առումով չի առնչվում իրենց վերարտադրության հետ, հետևաբար չկա որևէ գործողություն այն չեզոքացնելու համար։
Կարեն Կարապետյան

Русский