Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի «անորսալի Ջոն» է

Blog Image

Ժողովրդական խոսք կա․. «որտեղ կտրի թելը»։ Ահա այսօր մեր արտաքին քաղաքականությունն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ ու ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անհույս ոչ ադեկվատ է, այլ պարզապես նա ունի զրոյական ազդեցություն ցանկացած իրադարձության վրա, այդ թվում նաև որոշ գործընթացների, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Օրինակ՝ կգործարկի ի վերջո TRIPP-ը թե ոչ, բացարձակապես նրա որոշելիքը չէ, նրան ընդամենը տեղյակ են պահելու արդյունքների մասին։

Եվ ահա նման իրավիճակում ակնկալել Փաշինյանից ինչ-որ արձագանք Իրանում ընթացող պատերազմի հետ կապված, անհույս սպասում է։ Շատերը կհիշեն «Կարգին հաղորդում»-ից հետևյալ դրվագը. «Չաղո ջան, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում»։ Նիկոլ Փաշինյանից որևէ մեկը կարծիք չի հարցնում, նրա մոտեցումները միջազգային ու տարածաշրջանային և ոչ մի դերակատարի հետաքրքիր չեն, նրա որոշումներից ոչինչ կախված չէ, նա ունակ չէ նույնիսկ այդ բարդ իրավիճակում ստեղծել անվտանգային այնպիսի մեխանիզմներ, որոնք ունակ կլինեն պաշտպանելու ՀՀ սահմանները, եթե Աստված մի արասցե Իրանում ընթացող պատերազմը բախի մեր դուռը, այնինչ նման սցենարը շատ հավանական է՝ հաշվի առնելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների պայթյունավտանգ ֆոնը։ Հույսը դնել ինչ-որ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» վրա, պարզապես մանկամտություն է, որովհետև Իրան-Ադրբեջան հնարավոր բախման դեպքում շատ հնարավոր է, որ այդ պատերազմը թափանցի Սյունիք ու Ադրբեջանը կտրուկ հարվածով փորձի ճանապարհ բացել Թուրքիայի հետ։

Ցավալիորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող օգնություն ակնկալել և ոչ ոքից։ Եվ իրոք, ո՞ւմից է նա հայցելու աջակցություն, Ռուսաստանի՞ց, որը միանշանակ չի ցանկանա խառնվել որևէ ռազմական գործողության, դեռ չլուծած իր հարցերն Ուկրաինայում, Ֆրանսիայի՞ց, որը իր անվերապահ զորակցությունն է հայտնել Ադրբեջանին, ԱՄՆ-ի՞ց, որի համար Ադրբեջանն ավելի խորքային դաշնակից է, քան Հայաստանը, թե՞ ՄԱԿ-ից, որի որոշումները նույնպես գտնվում են «Կարգին հաղորդման» «Չաղո»-ի կարգավիճակում։

Ու եթե այսօր պատերազմը չի թափանցել կամ դեռ չի թափանցել Հայաստանից ներս, ապա դա բացարձակապես կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նույնիսկ մեզ հետ կապված հարցերը այսօր թեկուզ ոչ ուղղակիորեն, սակայն քննարկում են բոլորը, բացի Փաշինյանից։ Մեզ մնացել է միայն սրա-նրա հետ մտքեր փոխանակելն ու մտահոգություններ հայտնելը, որոնք ընդամենը արարողակարգային բնույթ ունեն։

Եվ նման խղճում վիճակում իրեն դրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա չունեցավ այնքան քաղաքական կամք, որպեսզի գիտակցեր, որ պարտված ու մուրացող ղեկավարներն այլևս տեղ չեն ունենում բանակցային սեղանի շուրջ, որ նրանց ընդամենը տեղյակ են պահում, այլ ոչ հարցնում, որ նրանց պարտադրում են, այլ ոչ հետները քննարկում, ու հեռանար։ Հեռանալով ոչ միայն իրեն կազատեր այդ ողորմելի վիճակից, այլև Հայաստանի անվտանգությունը չէր հասցնի այս աստիճան աղետալի դրության։
Հետևաբար պետք չէ զարմանալ, որ Իրանում ընթացող պատերազմին զուգահեռ փոփոխության է ենթարկվում միայն Նիկոլ Փաշինյանի կերակրացանկը, պեռաշկի, կուկուռուզ, սուջուխ...Նա պարզապես այլ անելիք չունի։

Կարեն Կարապետյան

Send