Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և տարածաշրջանը կանգնած է հնարավոր լայնամասշտաբ ռազմական բախման շեմին։ Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները, ինչպես նաև միջազգային դերակատարների քայլերը ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ երկարատև և բազմաշերտ զարգացումներ։Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի։ Նրա խոսքով ՝ երկրի ռազմական ներուժը թույլ է տալիս առնվազն վեց ամիս շարունակ վարել ինտեսիվ մարտական գործողությունները՝ պահպանելով ներկայիս բարձր տեմպը։ Միևնույն ժամանակ միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հավանականությունը, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են դիմել առավել կոշտ քայլերի։ Ըստ որոշ աղբյուրների՝ Վաշինգտոնում և Թել Ավիվում քննարկվել է հատուկջոկատայինների հնարավոր ուղարկումը Իրանի տարածք՝ ռազմավարական նշանակություն ունեցող օբեյկտները վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Խոսքը հատկապես վերաբերում է հարստացված ուրանի պաշարներին, միջուկային վառելիքին և նավթարդունաբերության առանցքային ենթակառուցվածքներին, որոնք կարող են վճռորոշ դեր ունենալ հակամարտության հետագա ընթացքի համար։ Իրավիճակը առավել լարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Իրանի փորձագետների խորհուրդը շտապ նիստում որոշում ընդունեց երկրի նոր գերագույն առաջնորդ ընտրել Խամենեի որդուն Մոջթաբա Խամենեին։
Վերջինիս նշանակումը փորձագետների մի մասի կողմից դիտարկվում է որպես իշխանության շարունակության ապահովման փորձ, սակայն միջազգային վերլուծաբանները նշում են,որ նոր առաջնորդը կարող է բախվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ մարտահրավերների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին հայտարարել է, որ Իրանի նոր առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը առանց Միացյալ Նահանգների հավանության։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հետագա զարգացումը Վաշինգտոնը կքննարկի Իսրայելի հետ համատեղ։ Տարածաշրջանային զարգացումների ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Հարավային Կովկասը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և համերաշխություն հայտնել Բաքվին՝ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակման կապակցությամբ։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանը հրթիռային և անօդաչու հրավածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների ուղղությամբ, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների։ Սա զգալիորեն բարձրացրել է տարածաշրջանային անվտանգության ռիսկերը և մեծացրել է հնարավոր լայնածավալ բախման վտանգը։ Այս ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին։ Վերլուծաբանները նշում են, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, ապա հակամարտությունը կարող է դուրս գալ երկկողմ դիմակայության շրջանակներից և վերածվել տարածաշրջանային ավելի լայն պատերազմի՝ ներգրավելով նոր դերակատարների։
Ալիտա Եղիազարյան

Русский