Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութով ցույց տվեց, որ «Կառավարման ակադեմիայում» մասնակցում է «Կրթվելը նորաձև է» ձևաչափով հանդիպմանը։ Առաջին հայացքից սա կարող էր թվալ հերթական քննարկում կրթության թեմայով, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք․ այդ արշավը ստեղծվել էր ոչ թե կառավարության, այլ Աննա Հակոբյանի կողմից։
Տարիներ առաջ հենց նա էր հանդես եկել «Կրթվելը նորաձև է» գաղափարով՝ փորձելով այն դարձնել հանրային շարժում։ Աննա Հակոբյանն էր շրջում մարզերով, կազմակերպում հանդիպումներ, ձևավորում նախաձեռնության ամբողջ գաղափարական և հանրային շրջանակը։ Ավելի ուշ այդ նախաձեռնությանը միացավ նաև Նիկոլ Փաշինյանը, և այն սկսեց ներկայացվել որպես ամուսնական «դուետով» իրականացվող հանրային նախագիծ։
Սակայն այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Աննա Հակոբյանը փաստացի բացակայում է այդ նախաձեռնությունից, մինչդեռ նրա ստեղծած ձևաչափը շարունակում է գործել՝ արդեն Փաշինյանի գլխավոր դերակատարմամբ։ Փաշինյանը մասնակցում է նույն հանդիպումներին, խոսում նույն կարգախոսով և շարունակում այն, ինչ ժամանակին ներկայացվում էր որպես Աննա Հակոբյանի գաղափարական նախագիծ։
Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր․ նախաձեռնությունը, որը տարիներ շարունակ կապվում էր մեկ անձի հետ և ներկայացվում էր որպես նրա հասարակական առաքելություն, այժմ օգտագործվում է արդեն մեկ այլ քաղաքական դերակատարի կողմից։ Այս իմաստով «Կրթվելը նորաձև է» արշավը կարծես անցել է յուրօրինակ «քաղաքական սեփականաշնորհման» ճանապարհով․ գաղափարը մնացել է նույնը, բայց դրա հիմնական ներկայացնողը փոխվել է։
Եվ հենց այստեղ է հարցը, որը կարող է առաջանալ հանրային դաշտում․ արդյոք սա պարզապես գաղափարի շարունակությո՞ւն է, թե՞ արդեն մի իրավիճակ, երբ իշխանության ղեկավարը փաստացի վերցրել ու իր օրակարգում է պահում նախկին կնոջ նախաձեռնած նախագիծը՝ այն ներկայացնելով որպես սեփական քաղաքական հարթակ։
Ըստ էության, Փաշինյանը «սեփականաշնորհել է» նախկին կնոջ գաղափարը, քանի որ այս պահին դա իրեն ուղղակի պետք է իր քաղաքական քարոզչությունն իրականացնելու համար։

Русский