Այսօր առավել քան երբևէ, հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախը բացի մեր հայրենիքի անքակտելի մասը լինելուց, քաղաքական կարևորագույն գործոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս։ Երբ պաշտոնական Թեհրանը շնորհավորում ու ողջունում էր Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը, հավանաբար լավ չէր հաշվարկել այն հանգամանքը, որ Արցախը անառիկ էր պահում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի սահմանները։ Արցախի կորուստը հանգեցրեց տարածքում ուժերի հավասարակշռության խախտմանը ու որքան թուլացրեց Հայաստանի, այդքան էլ Իրանի անվտանգությունը։
Երբ Թրամփը հայտարարում է, որ Իրանի դեմ պատերազմում հնարավոր է տեղի ունենա նաև ցամաքային ուժերի ներխուժում, ապա այդ հարձակումը կարող է լինել երկու ուղղությամբ՝ Իրաքի ու Արցախի։ Բացի ցամաքային ներխուժումից, Իսրայելի համար Արցախի տարածքը լավագույն հարթակներից մեկն է Իրանին հարվածներ հասցնելու համար։ Դրանով էլ մեծամասամբ հենց պայմանավորված էր Իսրայելի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։
Այսօր լուր տարածվեց, որ Իրանը ԱԹՍ-ներով երկու հարված է հասցրել Նախիջևանի ուղղությամբ ու թեպետ դրան հաջորդեց Իրանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որ իրենք այդ հարվածների հետ որևէ կապ չունեն, սակայն այլևս այդ խոսքերը որևէ նշանակություն չունեն։ Կարևորը՝ «մեղավորը» գտնվել է ու այդ երկու ԱԹՍ-ները, եթե նույնիսկ Իրանը դրանց հետ կապ չունի, միևնույնն է ապահովում են Ադրբեջանի «լեգիտիմ» իրավունքը՝ ներգրավվելու հակաիրանյան գործողություններին։
Ու ամենևին պատահական չէ, որ Ալիևը անտեսելով Իրանի ԱԳ նախարարության հայտարարությունը, զորքերը բերեց բարձր պատրաստվածության ու խոսեց պատասխան հարվածի մասին։
Իսկ Ադրբեջանի մասնակցությունը առաջին հերթին պայմանավորված է թիվ մեկ գործոնով, այն է՝ տրամադրել Արցախի տարածքը, որտեղից Իրանի ուղղությամբ տեղի կունենա թե՛ օդային ու թե՛ անհրաժեշտության դեպքում, ցամաքային գրոհ։
Ցավալի է, որ Հայաստանի իշխանություններն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չկարողացան հասկանալ Արցախի գերկարևոր նշանակությունը ու անմիտ հայտարարություններով Արցախի հանուն ինքնորոշման պայքարը տեղափոխեցին Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, իր բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ։
Կարեն Կարապետյան

Русский