Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Իրանի պարտության դեպքում Հայաստանը կարող է վերածվել պետության՝ առանց հայերի

Blog Image


Հայաստանում ցավալիորեն ստեղծված է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության ուշադրությունը սևեռված է ընտրությունների վրա, ինչի արդյունքում կենսական նշանակության որոշ հարցեր դուրս են մնում անհրաժեշտ ուշադրության կենտրոնից։ Այնինչ Հայաստանը ոչ թե հունիսի 7-ին՝ ընտրությունների օրն է կանգնելու գոյաբանական խնդրի առջև, այլ հիմա ու մեծ է հավանականությունը, որ այդ հունիսի 7-ը այդես էլ կարող է չգալ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի «խաղաղության դարաշրջանից» կամ Ադրբեջանի հետ տնտեսական կապերից, ակնհայտ է, որ Ալիևը չի հրաժարվել իր զավթողական ու Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող նկրտումներից։ Վկան՝ «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության գեներացումն է պետական ամենաբարձր մակարդակով։

Սակայն տվյալ պարագայում Ալիևը իր նպատակները կարող է իրականացնել ո՛չ անմիջապես իր ձեռքերով, այլ պայմանավորված տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմով։ Իրանում ծավալվող պատերազմի արդյունքները կտրուկ փոխելու են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հենց մեր տարածաշրջանի քաղաքական պատկերը։ Այս խոսքով ասած, Իրանում ընթացող պատերազմը կարող է ճակատագրական լինել ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի համար։ Այդ մասին ուղիղ խոսքով հայտարարեց նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը, սակայն առանց չակերտները բացելու։

Եթե Աստված մի արասցե, Իրանն այդ պատերազմում պարտվի, ապա դա հանգեցնելու է վերջինիս տրոհմանը։ Այդ պարտությունից տարածաշրջանում օգտվելու է Ադրբեջանը, վնասվելու՝ Հայաստանը։ Տվյալ դեպքում վնասվել բառը մեղմ է արտահայտված, այն կարող է հանգեցնել Հայաստանի չգոյությանը։ Երբեմն մարդիկ չգոյություն ասելով հասկանում են պետության լուծարում՝ ՄԱԿ-ի կողմից, սակայն բացի իրավական ձևակերպումից, կա նաև փաստացի կողմը։ Իհարկե իրավաբանորեն Հայաստանի Հանրապետությունը կշարունակի գոյություն ունենալ թեկուզ որոշ ժամանակով, սակայն առանց հայերի։ Եթե Իրանը պարտվի ու մասնատվի, ապա այնտեղ ապրող շուրջ 20 միլիոնի հասնող էթնիկ ադրբեջանցիները կգնան ոչ թե Ադրբեջան, այլ կգան Հայաստան, ինչն էլ կհանգեցնի աղետի, քանի որ Հայաստանը չունի անվտանգային այնպիսի մեխանիզմներ, որը կկանխի նրանց հոսքը Հայաստան, առավել ևս, որ այդ ամենն իրականացվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի ուղիղ կազմակերպմամբ։

Իսկ թե ինչ կլինի, եթե նույնիսկ ոչ թե 20, այլ 2 միլիոն էթնիկ ադրբեջանցի թափանցի Հայաստան, կարծում եմ ոչ ոքի համար անկանխատեսելի չէ։ Լավագույն դեպքում շատ արագ հայերն իրենց հողում կդառնան ազգային փոքրամասնություն, վատագույն դեպքում նորից կանցնենք ցեղասպանության ճանապարհով։ Երկու պարագայում էլ Հայաստանի Հանրապետությունը կմնա ՄԱԿ-ում գրանցված պետություն, սակայն առանց հայերի։

Կարեն Կարապետյան

Send