Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի պերաշկին ու կուկուռուզը գեներացնելով, ընդդիմությունն ակամա ջուր լցրեց նրա քարոզչական ջրաղացին

Blog Image

Երբ պերաշկին ու կուկուռուզը դառնում են օրակարգային հարց, նշանակում է իշխանությունը, որը այդ թեման նետել է դաշտ, հաջողել է իր նպատակում ու երբեմն թեկուզ ակամա, բայց ընդդիմությունը «կուլ» է տալիս այդ խայծը ու հարցը քննարկում բոլորովին այլ տեսանկյունից, ինչն էլ կրկին շեշտում եմ, թեկուզ ակամա, բայց ջուր է լցնում իշխանության քարոզչական ջրաղացին։

Միանգամայն սխալ շեշտադրում է այն, որ երկիրը կանգնած է մարտահրավերների առջև, սակայն երկրի բարձրագույն ղեկավարությունը պերաշկի ու կուկուռուզ է ուտում։ Նման շեշտադրումը ոչ միայն սխալ է, այլև անհեթեթ, քանի որ եթե երկիրը անգամ թաթախված լիներ արյունալի պատերազմի մեջ, միևնույնն է, մարդիկ, եթե նույնիսկ նրանք երկրի ղեկավարներն են, այնուամենայնիվ մի բան պետք է ուտեին։ Ընդդիմությունը պարզապես պետք է առհասարակ անտեսեր այդ դրվագը ու ընդհանրապես չանդրադառնար, որովհետև ակնհայտ է, որ այդ տխրահռչակ պերաշկու ու կուկուռոզի ուտելու գործընթացը նկարված է դիտավորյալ ու դիտավորյալ էլ տարածված սոցցանցերում։ Իհարկե ցանկացած մարդ որևէ բան օրվա ընթացքում ուտում է, սակայն չի նկարում ու չի հանրայնացնում, որովհետև դրա իմաստը պարզապես չկա։

Սակայն ի՞նչ հարց լուծեցին Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն իրենց պերաշկիով ու կուկուռուզով։ Որքան ընդդիմությունը կենտրոնացավ այդ «անմեղ» ուտելիքների վրա, այդքան իշխանական քարոզչամեքենան դրանք սկսեց օգտագործել իր օգտին։
Նախ՝ ստեղծեցին կերպար, որ իշխանության բարձրագույն ղեկավարները սովորական մարդիկ են, ոչնչով չտարբերվող մյուսներից ու մազաչափ անգամ չեն փոխվել իշխանության գալուց հետո։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրանք տարատեսակ խորտիկների փոխարեն ուտում են պերաշկի ու կուկուռուզ։ Ընդ որում ուտում են այնպես անմիջական, ինչպես յուրաքանչյուր մեկ այլ մարդ, որը իշխանության չէ։

Ահա այդ պատկերը կրկին որոշ «միամիտ» մարդկանց մոտ առաջացնում է հետևյալ ասոցիացին․․․ «սովորական մեր նման մարդիկ են, ի՞նչ տարբերություն մենք, թե՝ իրենք, իսկ նախկինները մեզ նման հասարակ ձևով կուտեի՞ն պերաշկի ու կուկուռուզ»։ Նման մանիպուլյատիվ մեթոդներով Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր «միամիտ» մարդու մոտ փորձում է ստեղծել խաբկանք, իբր վերջինս իրոք «իշխանության» է ու Նիկոլ Փաշինյանին գործուղել է Կառավարություն իր փոխարեն աշխատելու։

Հաջորդ օգուտը, որ քաղում են իշխանությունները՝ «խաղաղության դարաշրջանն» է, իբր որքան էլ տարածաշրջանը գտնվում է պատերազմի մեջ, Հայաստանն այնքան խաղաղ է ու ապահով, որ երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը անհոգ կարող են վայելել իրենց պերաշկին ու կուկուռուզը։

Հետևաբար հարգելի ընդդիմադիրներ, կարիք չկա գեներացնել իշխանության յուրաքանչյուր քայլ, հատկապես որ դրանից քաղաքական դիվիդենտները շահում են միայն վերջիններս ու օրակարգ բերել ինչ-որ պերաշկի ու կուկուռուզ ու փորձել դրանցով պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Կարեն Կարապետյան

Send