Վերջապես Նիկոլ Փաշինյանը ցավակցեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
Բնականաբար ամենևին կարևոր չէ, թե ինչ է նա ասել իր ցավակցական խոսքում, որովհետև դրանք սովորաբար ունենում են արարողակարգային բնույթ, այլ կարևոր է, թե երբ է ցավակցել։ Միջազգային հարաբերություններում ոչինչ հենց այնպես չի լինում, ու ոչինչ ոչ ոքի աչքից չի վրիպում։ Եթե քո անմիջական հարևան երկրում բռնկված պատերազմին արձագանքում ես մեկ օր ուշացումով, երբ քո անմիջական երկրի քաղաքական ղեկավարության ու քաղաքացիների մահվան կապակցությամբ ցավակցում ես մեկ օր ուշ, ապա հարկ եղած դեպքում քո հարևանից ակնկալվող օգնությունն էլ կստանաս մեկ օր ուշացումով։ Այսինքն՝ քո յուրաքանչյուր քայլի ուշացումը իր հայելային արտացոլանքը կգտնի նաև դիմացինի կողմից։
ԱՄՆ-ի հետ ոչ մի համագործակցություն չի կարող արդարացում հանդիսանալ ցավակցական խոսքի ուշացմանը, հատկապես, որ տվյալ երկրի հետ չունես դաշնակցային հարաբերություններ, իսկ Իրանի հետ գտնվում ես բնական դաշինքում՝ որպես տարածաշրջանային երկիր ու անմիջական հարևան։
Ցավալիորեն պետք է փաստենք, որ Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում քաղաքականությունից ու ճիշտ կարողանում գնահատել իրավիճակը, քան Հայաստանի իշխանությունները։ Ալիևը ցավակցական խոսք հղեց Խամենեիի մահվան կապակցությամբ անմիջապես լուրը հաստատվելուց հետո, մինչդեռ Իրան-Ադրբեջան հարաբերությունները չեն գտնվում բարիդրացիության բարձունքում, ու Ադրբեջանը համարվում է պոտենցիալ տարածք, որը կարող է Իսրայելի կողմից օգտագործվել Իրանին հարվածելու համար։ Իհարկե, ցավակցական խոսքը դեռևս չի երաշխավորում, որ Ադրբեջանը այդպես էլ չի ներքաշվի հակամարտության մեջ, սակայն Ալիևը իրեն երաշխավորեց իրադարձության ցանկացած զարգացման դեպքում։
Եթե Ադրբեջանը ներքաշվի այս պատերազմում, բնականաբար ոչ ոք չի հիշի Ալիևի ցավակցական խոսքը, իսկ եթե ոչ՝ Իրանը մշտապես հիշելու է, որ իր դժվարին օրերին առաջին արձագանքը եղավ ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից, իսկ Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը չի հիշվելու ոչ մի պարագայում, նման այն ֆեյսբուքյան լայքին, որը դրվում է հրապարակումից օրեր անց ու մնում անտեսված։
Բացի քաղաքական գրագիտության պակասից, սա նաև պարտության հետևանքն է, քանի որ ցանկացած պարտված իշխանություն զրկվում է քաղաքական կամքից, վստահությունից ու ինքնուրույնությունից։
Կարեն Կարապետյան

Русский