Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը Լեհաստանում ներկայացավ ոչ թե պետության ղեկավար, այլ «ժողովրդի» կամակատար

Blog Image

Գորկին ասում է․ «Եթե մարդուն անընդհատ ասես, որ նա խոզ է, ի վերջո կսկսի խոզի պես խռնչալ»։ Գրեթե նույն իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Նա այնքան է ստել, որ ինքն էլ ենթադրաբար անկեղծորեն սկսել է այն ընդունել որպես ճշմարտություն։

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվելու ժամանակ նա հայտարարել է, որ հայ ժողովուրդը համաձայն է Արցախյան (իր խոսքերով՝ Ղարաբաղի) շարժումը վերջնականորեն փակելու հետ ու որպես հիմնավորում բերելով այն փաստը, որ շարունակում է մնալ ՀՀ վարչապետ։ Թե ինչ միջոցներով ու մեթոդներով է նա պահում իշխանությունը, դրան կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ հիշեցնենք իրեն, թե ինչպես է 2021 թվականին հաջողացրել վերարտադրվել։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հետ բերել կորցրածն ու Արցախի հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ համարելով այն հարցի լուծման ամենաարդյունավետ հարթակը։ Հետևաբար նա վստահության քվե ստացավ ոչ թե Արցախի էջը փակելու, այլ հակառակը՝ այն հետ բերելու համար։ Լեհաստանում պատկերը 180 աստիճանով  շրջելով՝ նա հերթական անգամ ժողովրդին է սարքում ուղիղ պատասխանատուն ոչ միայն Արցախի հանձնման, այլ իր ողջ գործունեության համար։ Սակայն եթե սովորաբար նա այդ մեթոդը կիրառում էր ներքին լսարանի համար, այժմ թիրախում միջազգային հանրությունն է։ 

Նպատակը պարզ է՝ ժողովրդին սարքելով պատասխանատու, Փաշինյանի ցանկությունն է ստեղծել լեգիտիմության շղարշ իր բոլոր քայլերի համար։ Պատահական չէ, որ Արցախի հանձնումից միայն տարիներ անց նա մոգոնեց ինչ-որ «սնուցող մայրերի» ու «նահապետ հայրերի», որոնք իբր քարոզարշավի ժամանակ իրենից պահանջել են միայն խաղաղություն ու ոչինչ, բացի խաղաղություն։ Իրականում դա պրիմիտիվ սուտ է, երբևէ նման մարդիկ չեն եղել, որովհետև եթե իրոք հանրությունը նման պահանջ ներկայացներ Նիկոլ Փաշինյանին, ապա նա այդ մասին կխոսեր անմիջապես ընտրություններից հետո, այլ ոչ տարիներ անց։ Եթե նույնիսկ տեսականորեն եղել են մեկ-երկու հոգի, որոնց մտահոգել է միայն ստամոքսը՝ առանց ազգային որևէ նպատակի, ապա պետական իրական առաջնորդը նա է, ով ինքն է տանում հանրությանն իր հետևից, այլ ոչ թե տուրք է տալիս փոքրամասնության պահանջին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ոչ միայն մեր ազգային արժեքները, մեր հայրենիքի մի մասը աճուրդի հանեց Լեհաստանում, այլ հենց հայ ժողովրդին «ծախեց» լեհերի վրա՝ ակնկալելով հերթական քարտ-բլանշը բռնապետության վերջնական հաստատման ճանապարհին։

Կարեն Կարապետյան

Send