Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանին թվում է՝ սեպագրերի ժամանակներն են, երբ ջնջվում էին փորագրությունները, կորում էին նաև ապացույցները

Blog Image

Նախքան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը, Էրդողանը թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» մեծ հնարավորություններ է բացելու թյուրքական աշխարհի համար։ Թեպետ ըստ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի` Հայաստանի տարածքով տրամադրված Ադրբեջանի ու Նախիջևանի կապն անվանվեց «Թրամփի ուղի», ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձեցին ապացուցել, որ այն միջանցք չէ, այլ գործելու է ճանապարհների ապաշրջափակման տրամաբանությամբ, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս։

APA գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի կապերը ոչ միայն Ադրբեջանի ու Նախիջևանի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ թյուրքական աշխարհի միջև։ Գրեթե նույնը, ինչ հայտարարել էր Էրդողանը, նախքան այդ պայմանագրի ստորագրումը։

Թեպետ Փաշինյանը տարբեր ատյաններում բազմիցս է բողոքել, որ թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են օգտագործել ոչ թե TRIPP, այլ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, սակայն տվյալ պարագայում խնդիրը անվանման մեջ չէ։ Վերջին հաշվով, ժամանակին Ալիևի արտաքին հարցերով խորհրդական Հաջիևը հայտարարել էր, որ մեզ համար կարևորն այդ կապն է, իսկ հայերն ինչպես ուզում են, թող այն անվանեն։

Եվ այսօր թուրք պաշտոնյաների տարբեր հայտարարությունների համադրման արդյունքում ակնհայտ է դառնում, որ մեզ համար TRIPP-ը, իսկ իրենց համար «Զանգեզուրի միջանցքը» իրականում Մեծ Թուրանի գաղափարախոսության իրագործման բաղկացուցիչ մասնիկներից մեկն է, որում Ադրբեջան-Նախիջևան կապի շահարկումը սոսկ «օրինական» ֆոնն է, քանի որ այս ամբողջ շղթայում Նախիջևանն ընդամենը բուտաֆորիա է, իսկ իրական խոշոր ձեռբքերումը Մեծ Թուրանի գաղափարախոսության վաղեմի երազանքներից մեկի իրականացումն էր, ուղիղ կապ՝ բոլորի միջև։

Այն, որ այս ճանապարհը, ուղին, TRIPP-ը, «Զանգեզուրի միջանցքը» ինչպես ուզում ենք անվանենք, գաղափարական ու ռազմավարական կարևոր նշանակություն ուներ թյուրքական աշխարհի համար, այդ մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ականներին հաճախ թվում է, որ այսօր սեպագիր արձանագրությունների կամ մագաղաթի վրա գրելու ժամանակներն են, երբ ջնջվում էին փորագրությունները, կորում էին նաև ապացույցները։

Ի դժբախտություն իրենց՝ հիմա պահպանվում է ամեն խոսք ու ամեն ելույթ։ 2025 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Մեծ Թուրանի գաղափարախոսության մասին, հայտարարեց, որ մենք չպետք է խոչընդոտ լինենք Թուրքիային՝ զարգանալու այս ուղղությամբ, ինչպես նրանք չպետք է մեզ խանգարեն, դեպի Եվրոպա գնալուն։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը թեպետ աստիճանաբար վերացվում է Մեծ Թուրանի իրագործման ճանապարհից, սակայն այդպես էլ ԵՄ չի գնում։

Կարեն Կարապետյան

Send