Իշխանությունները հերթական նախագիծն են պատրաստում տարեցների, թոշակառուների սեփականությունը յուրացնելու համար։
Հատկապես այն թոշակառուների, որոնք բնակվում են մայրաքաղաքի լավագույն թաղամասերում, ավելի կոնկրետ՝ կենտրոնում, որտեղ անշարժ գույքի արժեքն ամենաթանկն է։ Իշխանությունները վաղուց են աչք դրել այդ մարդկանց տների, բնակարանների վրա և անթաքույց հայտարարություններով ապացուցել են դա։ Նման քայլ է արել նաև Նիկոլ Փաշինյանը, որը Երևանի կենտրոնում տուն ունեցող թոշակառուներին միլիոնատերեր է համարում՝ զրկելով նրանց նպաստ ստանալու հնարավորությունից։ Եվ ահա, ըստ փորձագետների, կառավարութունն ի վերջո գտավ նաև այդ «միլիոնատերերին» հարստահարելու միջոցը և մեջտեղ բերեց մի օրինագիծ, որով թոշակառուին հնարավորություն է ընձեռվում իր բնակարանը հիփոթեքային վարկի սկզբունքով վաճառել բանկերին։
Ապրիլի 2-ին կառավարությունը հավանություն տվեց Կադաստրի կոﬕտեի կողﬕց մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» նախագծին, որի համաձայն՝ նախատեսվում է ՀՀ օրենսդրությունում ներդնել մասնավորապես «հետադարձ հիփոթեքի» ինստիտուտը։ Նախագծով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի հասած այն քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, հնարավորություն տալ գրավադրել իրենց գույքը և դրա դիմաց պարբերաբար եկամուտներ ստանալ մինչև իրենց մահվան օրը, եթե մինչ այդ թոշակառուն այլ կերպ չտնօրինի իր անշարժ գույքը՝ որոշի վաճառել կամ հետ գնել՝ վերադարձնելով իրեն վճարված գումարն ամբողջությամբ, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տույժերը, տուգանքները և այլ լրացուցիչ վճարները։ Որպես հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավառու են ներկայացված բանկերը կամ վարկային կազմակերպությունները։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս թոշակի անցած անձանց իրենց պատկանող անշարժ գույքը հետադարձ հիփոթեքի սկզբունքով տալ բանկին, իսկ բանկը պարտավորվում է ամենամսյա վճարումներով տան սեփականատիրոջը տալ պայմանագրով նախատեսված գումարը, միևնույն ժամանակ տան տերը պահպանում է իր ունեցվածքի նկատմամբ սեփականության, այդտեղ բնակվելու իրավունքը։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ անշարժ գույքի դիմաց ստացած եկամուտը կգումարվի թոշակառուի թոշակին, կդառնա հավելյալ միջոց, որպեսզի անշարժ գույքի թոշակառու սեփականատերը կարողանա ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Փաստաբան Գայանե Ղուլյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ սոցիալական առումով նախագիծը դրական ազդեցություն կունենա թոշակառուի բարեկեցության վրա, մանավանդ, եթե նա լրացուցիչ եկամուտների անհրաժեշտություն ունենա և թոշակը չբավականացնի իր կարիքները հոգալուն։ Ըստ նրա՝ նման համակարգ է գործում ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև եվրոպական մի շարք երկրներում, որտեղ այն արդարացրել է իրեն։ Հայաստանյան իրականության մեջ ինչպե՞ս կիրացվի այդ համակարգը, ըստ նրա, վաղ է դատել։
Այդուհանդերձ, փաստաբանը մի շարք ռիսկեր նշեց, որոնք կարող են առաջանալ օրենքի ներդրման ժամանակ։ Առաջինը ժառանգության կորստի ռիսկն է։ Թեև նախագիծը հնարավորություն է տալիս տան սեփականատիրոջ ժառանգներին իրենց հարազատի մահից հետո բանկից հետ գնել գրավադրված անշարժ գույքը, սակայն չի բացառվում, որ նրանք պարզապես այդ հնարավորությունը չունենան և գույքը, որը կարող էր օրենքով իրենց ժառանգվել, կորցնեն։ Մյուս կողմից չի բացառվում, որ հետգնման համար բանկն այնպիսի տոկոսադրույքներ ու հավելյալ վճարներ սահմանի, որ վերջնարդյունքում ձեռք բերված գույքը դրա շուկայական արժեքից բարձր լինի։ Եվ եթե ժառանգները չկարողանան գույքը հետ ստանալ, ապա այն կմնա բանկին և հետագայում կիրացվի որպես պետական ակտիվ։ Բանկերը հաճախ գույքային ակտիվները փաթեթավորում են և վաճառում որպես արժեթղթեր՝ կանխիկ դրամ ստանալու և ռիսկերը նվազեցնելու համար։
Այս համակարգի ներդրման դեպքում նաև ռիսկեր կան, որ կարող են հայտնվել մանր խարդախներ, որոնք կխաբեն տարեց թոշակառուներին, կշահեն նրանց վստահությունը, հեղինակավոր բանկերի անունից ավելի բարձր տոկոսներ կառաջարկեն գույքը ձեռք բերելու համար և խաբեությամբ կյուրացնեն տարեցի բնակարանը կամ տունը։
Մյուս կողմից այս նախագծի ներդրման դեպքում պետությունը թոշակառուներին մենակ է թողնում մասնավոր ֆինանսական կառույցների հետ՝ առանց երաշխավոր դառնալու կամ վերահսկման գործառույթ իրականացնելու։ Հետևաբար բանկը կարող է սեփական հայեցողությամբ իրեն հարմար վարկավորման պայմաններ սահմանել։ Թոշակառուները, չտիրապետելով ֆինանսական գիտելիքներին, կարող են ընկնել թակարդը՝ ստորագրելով այնպիսի պայմանագրեր, որոնց իրավական ձևակերպումներն իրենց համար անհասկանալի կլինեն։ Նման իրավիճակներից խուսափելու համար պետությունը պետք է առանձին միջնորդ կառույց ստեղծի, որը թոշակառուի շահերից ելնելով՝ կուղղորդի նրան վարկավորման ողջ գործընթացի ժամանակ, նաև դրանից հետո, եթե խնդիրներ ու դժվարություններ առաջանան։
Թագուհի Ասլանյան

Русский