Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպաները բնակարան կստանան. ի՞նչ է որոշել Կառավարությունը

Blog Image

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում ներառված է  «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» նախագիծը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սպայական պաշտոնի նշանակված սպաների համար հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովության ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունումը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի N 745-Ա որոշման 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՕ-289-Ն օրենքով կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և օրենքով սահմանված 20 տարվա ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում էր բնակարան՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքմամբ։

Նշված գործընթացի ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշմամբ սահմանվել էր, որ նշված զինծառայողներին Երևան քաղաքում վիճակահանությամբ հատկացվելու են 75-80 քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ, որոնց ձեռքբերումը պետք է իրականացվեր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ գնումների մասին օրենսդրության պահանջներին համապատասխան։

Որոշման նախագծով սահմանվում են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն և առավելագույն մակերեսները, առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, վարկատու կազմակերպություններից տեղեկատվության ստացման և փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև այն կարգավորումները, որոնք վերաբերում են բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծմանը և բնակարանի ազատմանը։

Նախագծով նաև նախատեսվում է, որ բնակելի անշարժ գույքի և գրավի պետական գրանցման, ինչպես նաև պետական տուրքերի հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ 

Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի և հաջորդ երկու տարիների պետական բյուջեում կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ըստ հաշվարկների՝ 2026 թվականին՝ շուրջ 723,656.4 հազար դրամ՝ 127 շահառուի համար, 2027 թվականին՝ շուրջ 1,416,565.1 հազար դրամ՝ 152 շահառուի համար և 2028 թվականին՝ շուրջ 2,155,152.4 հազար դրամ՝ 166 շահառուի համար,  եթե յուրաքանչյուր շահառու ձեռք բերի մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ՝ 75-80 քմ մակերեսով բնակելի անշարժ գույք։

Էմմա Մարտիրոսյան

Send