Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանի կենտրոնում փողոց կանվանափոխվի՞

Blog Image

Փետրվարի 10-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  6-րդ  նստաշրջանի 1-ին նիստը։ MediaHub-ն ուսումնասիրեց ավագանու նիստի օրակարգը։ Նախագծերից մեկով առաջարկվում է անվանափոխել Երևանի Հրազդանի կիրճ փողոցը։

Մասնավորապես, առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցն (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց»:

Նախագծի հեղինակն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Ինչպես MediaHub-ը տեղեկացավ, հիմնավորման մեջ նշվում է, որ Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հայ ընտանիքում: Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող, մարզիչ և սպորտային ֆունկցիոներ։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ Սուխումում, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ուր դարձել է «Սպարտակի» խաղացող։

Հաջորդող 10 տարիների ընթացքում նա դարձել է շուրջ 160 գոլի հեղինակ՝ համարվելով թիմի լավագույն ռմբարկու: Երեք անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, չորս անգամ՝ երկրի չեմպիոն։ 1956 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում նա թիմի ավագն էր և խփել է առաջին գոլն Անգլիայի հավաքականի դարպասին՝ հայկական ազգանունը բարձրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհում։

Ֆուտբոլիստի կարիերայից հետո դարձել է ականավոր մարզիչ։ Նրա առաջնորդությամբ 1962 թվականին «Սպարտակը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ «Արարատը» 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Նիկիտա Սիմոնյանը 1990-ականներից պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, եղել է ՌՖՄ փոխնախագահ, տեխնիկական կոմիտեի նախագահ, երկիրը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում։ Սիմոնյանը միշտ հպարտացել է իր հայկական արմատներով՝ անգնահատելի ներդրում ունենալով հայկական ֆուտբոլի զարգացման հարցում, մասնակցելով մարզիչների պատրաստման ծրագրերին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բնութագրմամբ՝ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ 

Մարիաննա Արամյան

Send