Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաղաքական կամքի և ճնշման արդյունքում կարող են ազատ արձակվել Բաքվում դատապարտված հայ ռազմագերիները. Զոհրաբյան

Blog Image

Այսօր Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ  նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին և գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:

Դատավճիռը հրապարակվեց անմիջապես այն բանից հետո, երբ երեկ Աբու-Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մասնակցում էին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։  Մի հարթակում, որը խորհրդանշում է հաշտեցում, մարդասիրություն և ժողովուրդների միջև վստահություն: Նշված միջոցառմանը երկու ղեկավարները հայտարարեցին, որ տարածաշրջանում վեց ամիս է՝ կայուն խաղաղություն է հաստատվել, և կողմերը թևակոխել են «նոր դարաշրջան»:

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այս ամենի ֆոնին դատապարտելի, ցինիկ և ստորացուցիչ են Բաքվի գործողությունները։

«Մի օր առաջ Ալիևին շնորհում են խաղաղության մրցանակ, իսկ քսանչորս ժամ անց նույն պաշտոնյան հրահանգում է ցմահ ազատազրկել մեր հայրենակիցներին, որոնց մեղքը միայն ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն է»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այս դատավճիռները քաղաքական են, այլ ոչ իրավական։ Նա ընդգծում է, որ խնդրի լուծումը կախված է քաղաքական կամքից և միջազգային աջակցության ակտիվ ներգրավվածությունից: 

«Ամերիկայի և Ֆրանսիայի պաշտոնական կոչերը, ինչպես նաև եկեղեցական միջնորդությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ազատ արձակել մեր հայրենակիցներին, եթե Հայաստանն ինքն էլ հետևողական լինի»,- հավելեց նա:

Զոհրաբյանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունը պետք է բանակցությունների օրակարգում առաջնահերթություն տա ռազմագերիներին և Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, ոչ թե տնտեսական հարցերին, կամ արտաքին գործարքներին:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կարող են ազատ արձակել՝ քաղաքական կամքի և ճնշման արդյունքում: Այստեղ անհրաժեշտ է հետևողականություն, ոչ թե հուսահատություն»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը:

Ալիտա Եղիազարյան

Send