Մի պահ պատկերացնենք որևէ հայ գնում է Ադրբեջան, Բաքվում հայտարարում է, որ Ադրբեջան գոյություն չի ունեցել, Բաքուն սարքել են հայերը, նավթաարդյունաբերությունը գտնվել է հայերի ձեռքում ու հանգիստ լքում է Ադրբեջանի տարածքը։ Նման տեսարան երևակայելը ժամանակի զուր վատնում է, քանի որ այդպիսի բան չի կարող լինել։ Նախ` ոչ մի հայ չի կարող մուտք գործել Ադրբեջան, չի կարող այնտեղ անարգել շրջել փողոցներով ու բնակավայրերով, խոսալ ինչ ուզում է, այնուհետև հեռանալ Ադրբեջանի տարածքից։
Նույնիսկ եթե նման բան լիներ, անմիջապես Ադրբեջանը նրա նկատմամբ կհարուցեր քրեական գործ ու կհայտարարեր հետախուզում։ Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը նրան կհանձներ Բաքվին՝ որպես «խաղաղության դարաշրջանը» խաթարողի։
Իսկ ահա Հայաստանում նման բան հնարավոր է։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2-3 ադրբեջանցի իրենց մեքենայով շրջում են Երևանի փողոցներով, այնուհետև անարգել գնում Գյումրի, հետո Ամասիա, որտեղ զրուցում են ոստիկանների հետ ու հեռանում։
Իհարկե, մեծ ցանկության դեպքում այդ ամենը կարելի էր տեղավորել «խաղաղության» համատեքստում, եթե չլիներ մի կարևոր հանգամանք։ Իրենց խոսքում ադրբեջանցիները Հայաստանն ու Երևանը համարում են «պատմական Ադրբեջանի» տարածքներ, այլ խոսքով, Հայաստանի Հանրապետության ներսում նրանք ժխտում են նույն Հայաստանի գոյությունն ու օրինականությունը, ստորացնում հայ ժողովրդին ու անարգել հեռանում։ Իսկ ո՞ւր են այս ողջ ընթացքում նայում ՀՀ իրավապահներն ու հատուկ ծառայությունները, և ինչպես են նրանք մուտք գործել Հայաստան։ Պատասխանը ավելի քան ակնհայտ է, Հայաստանի իրավապահների ողջ ուշադրությունը կենտրոնացած է ընդդիմադիրների վրա կոմպրոմատներ հավաքելով, նրանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրելով ու կալանավորելով, իսկ թե ինչ են անում ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության ներսում, նրանց ամենևին չի մտահոգում։
Չկա որևէ երաշխիք, որ երեկ Երևանի փողոցներով զբոսնող ու Հայաստանի գոյությունը ժխտող որևէ ադրբեջանցի, վաղը չի թակի որևէ հայ մարդու տան դուռը ու նրան չի սպանի միայն այն պատճառով, որ նա հայ է, առավել ևս, որ դրա նախադեպն արդեն կա։ Դեռևս ոչ վաղ անցյալում երկու ադրբեջանցի թափանցեցին Հայաստան, Սյունիքի մարզում իր իսկ աշխատավայրում սպանեցին հայ մարդուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը նրանց հանձնեց Ադրբեջանին։
Չկա որևէ երաշխիք, որ հենց այս պահին Երևանի փողոցներով ու Հայաստանի տարբեր բնակավայրերով չեն վխտում բազմաթիվ ադրբեջանցիներ, քանի որ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը ոչնչացված է։
44-օրյա պատերազմից հետո Ալիևը հայտարարեց, որ հաջորդ անգամ մենք Հայաստան կգնանք մեքենաներով, ու հիմա փաստացի այդպես էլ լինում է, նրանք գալիս են մեքենաներով ու այդ այցերը չի լինի տեղավորել «զբոսաշրջային» տրամաբանության մեջ, քանի որ դրանք ունեն «օկուպացիոն» բնույթ։ Այդ մասին են փաստում հայտարարությունները, գործողություններն ու քայլերը։ Հիշենք թեկուզ ՀՀ արտաքին հետախուզության զեկույցը, ըստ որի, Ալիևը ոչ միայն ավելացրել, այլև գործնական քայլերի է բերել «արևմտյան Ադրբեջան» ու «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» խոսույթները, հետևաբար նախօրեին Երևանով ու Հայաստանի բնակավայրերով թափառող ադրբեջանցիները կարող են գործուղված լինել այդ խոսույթի շրջանակներում։ Այսօր ադրբեջանցիներն աստիճանաբար ցանում են այն, ինչ վաղը հույս ունեն հնձել ՔՊ-ական իշխանության գոյության պարագայում։
Կարեն Կարապետյան

Русский