Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե ՀՀ պաշտոնյաներն ունենային քաղաքական պատասխանատվություն, ապա ՆԳ նախարարը դեռ երեկ երեկոյան հրաժարական կներկայացներ

Blog Image

Երբ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը, լինելով գերագույն գլխավոր հրամանատար, ոչ միայն չհրաժարվեց իր պաշտոնից, այլև պարտությունը ներկայացրեց որպես հաղթանակ, կրկին առաջադրվեց ու 2021 թվականին վերարտադրվեց, ապա դա հանգեցրեց երկրում քաղաքական պատասխանատվության իսպառ բացակայության։ 

Ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվում են երկու տեսակի պատասխանատվության՝ իրավական և բարոյական։ Առաջինը հիմնված է կոնկրետ իրենց կողմից կատարված արարքով, երկրորդը պայմանավորված է իր ղեկավարած ոլորտում տիրող ամենաթողությամբ։ Սովորաբար մարդկային բարձր որակներով մարդիկ նման դեպքերում չեն սպասում, որպեսզի իրենց պաշտոնանկ անեն, այլ իրենք, գիտակցելով իրենց ոչ կոմպետենտությունը, հեռանում են սեփական դիմումի համաձայն։

Ի դեպ, դա նաև ժողովրդավարության ցուցիչներից մեկն է, որի մասին այդքան սիրում է թմբկահարել Նիկոլ Փաշինյանը։ Սակայն թյուրիմացաբար այս մարդու պատկերացմամբ՝ ժողովրդավարությունը պայմանավորված է միայն ընտրություններով, մինչդեռ այն ամբողջական համակարգ է՝ սկսած նույն ընտրություններից, վերջացրած յուրաքանչյուր պաշտոնյայի պատասխանատվության մասին ընկալումները։

Իսկ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներին կա՛մ ձերբակալում են կոռուպցիոն մեղադրանքներով, կա՛մ պաշտոնանկ անում բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Իսկ եղե՞լ է մի պաշտոնյա, որը ներողություն խնդրի ժողովրդից ու հեռանա, ո՛չ, չի եղել։

Քաղաքական պատասխանատվությունը թելադրում էր, որ հատկապես Ազատի զորամասի հրդեհից հետո սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, սակայն նա ոչ միայն չհեռացավ, այլև նույն պատահարի կոնտեքստում նրա թիմակիցները գովում էին վերջինիս՝ ինչ-որ վիրտուալ բարեփոխումներ իրականացնելու համար։ 

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ երեկ Աջափնյակում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո պետք է հեռանա ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, առավել ևս, որ քրեական իրավիճակը Հայաստանում գտնվում է անմխիթար վիճակում։ Նույնիսկ պարզ վիճակագրությունը հուշում է, որ սպանությունները ստացել են գրեթե ամենօրյա բնույթ, էլ չասած աղմկահարույց դեպքերի մասին, որոնք բազմաթիվ են։ Աջափնյակի երեկվա դեպքերը տեղի չէին ունենա, եթե ՆԳ նախարարը հեռանար ավելի վաղ տեղի ունեցածներից հետո, քանի որ հաջորդ ղեկավարը կգիտակցեր, որ ցանկացած սպանության համար ինքը կրում է անմիջական պատասխանատվություն։ ՆԳ նախարարը միայն նրա համար չէ, որ սպանությունից հետո ձերբակալի հանցագործին, այլ նրա, որ թույլ չտա այդ սպանությունը։ Բժշկության մեջ գործում է ոսկե կանոն՝ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել։ Նույնն էլ պետք է վերաբերի ոստիկանությանը։ Հանրությունը չի կարող իրեն անվտանգ զգալ միայն այն փաստից, որ ձերբակալվում է հանցագործը, այլ իրեն ապահով կզգա այն դեպքում, երբ այդ հանցագործությունն ընդհանրապես տեղ չունենա։

Բնականաբար խոսքը չի վերաբերում հանցագործությունների իսպառ արմատախիլ անելուն, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ նման երազանքներն իրատեսական չեն, ոչ էլ խոսքը վերաբերում է քրեական օրենսգրքի խստացմանը, որովհետև երբեք օրենքների խստացումները չեն հանգեցրել հանցագործությունների նվազեցմանը։

Սակայն ոստիկանությունից կանխարգելիչ մշտական աշխատանք պահանջելն այսօրվա դրությամբ գրեթե նման է ուտոպիայի։ Ոստիկանությունը չի կարող գտնվել բարձր պրոֆեսիոնալ վիճակում, որովհետև տեղի ունեցած «բարեփոխումների» արդյունքում կտրուկ ընկավ այդ ոլորտի մասնագիտական որակը։ Երբ համակարգ են մուտք գործում գրեթե List-ով արված հայտարարության համաձայն, երբ հեռուստատեսությամբ գրեթե աղերսագին ձայնով մարդկանց կանչում են աշխատանքի, ապա մեծ է հավանականությունը, որ իրավապահ համակարգը կվերածվի աշխատանքի վերջին հույսի։ Եթե նախկինում մարդիկ այլ աշխատանք չգտնելու պատճառով տաքսի էին վարում, ապա այսօր դառնում են ոստիկան։ Մինչդեռ ոստիկան լինելը ոչ միայն աշխատանք է, այլև կոչում, ու միայն այդ գիտակցությամբ մարդը կարող է արդյունավետ պայքարել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Կարեն Կարապետյան

Send