Հատկապես դասախոսները ծանոթ կլինեն հետևյալ երևույթին․ հաճախ ուսանողների մեջ լինում են այնպիսինները, որոնք երբ նախորդ օրը որևէ գիրք են կարդում, այնուհետև գալիս են համալսարան ու տեղին-անտեղին խոսում կարդացած գրքի մասին, մեջբերում դրանից ու իրենց փոքրաթիվ կարդացած գրքերը համարում ճշմարտության էտալոն՝ խոսքը հիմնավորելու համար անդադար հղում անելով սրան-նրան, թե՝ էսինչն ասել է, էնինչն ասել է։ Նման մարդիկ սովորաբար չեն ունենում խոր ինտելեկտ ու գիտելիքներ, լայն աշխարհայացք, մտահորիզոնը չի գերազանցում այն սակավաթիվ գրքերը, որը նա ընթերցել է։
Սակայն ապացուցված է՝ որքան մարդը ունենում է մակերեսային միտք, այնքան նրան սեփական ուղեղը թվում է անտակ հոր, իսկ ինքն իր աչքին ներկայանում է որպես անսահման գիտելիքների քայլող շտեմարան։
Ահա ճիշտ այդ վիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը, ու վայ այն ժողովրդին, որի ղեկավարը նախորդ օրը կարդում է որևէ գիրք, հաջորդ իսկ օրը հետևություններ անում իր կարդացածից ու անմիջապես փորձում այն տեղավորել արտաքին քաղաքականության տիրույթում։ Դժբախտ է այն պետությունը, որի ղեկավարը տգետ է, կրկնակի դժբախտ է այն պետությունը, որի ղեկավարը չի գիտակցում իր տգիտությունը, և եռակի դժբախտ է այն պետությունը, որի ղեկավարը այդ տգիտությունը շփոթում է իմաստնության հետ։
Այսօր Նիկոլ Փաշինյանը անոնսեց, որ ավարտել է Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գրքի ընթերցումը ու միանգամից անցնում է երկրորդ գրքի ընթերցմանը ու ազդադարեց, որ ինքն ամեն օր սերտում է պատմության դասերը ու դա է պատճառը, որ մենք հիմա զարգացման օրակարգի մեջ ենք։ Այո՛, հենց դա է պատճառը, բայց ոչ թե մեր զարգացման օրակարգի, այլ դժբախտությունների։ Դժբախտությունների, քանի որ պետության ղեկավարը սերտում է մի բան, որը պարզապես ընթերցանությունից հնարավոր չէ սերտել, առավել ևս սերտելու համար չեն ընթերցում։
Ընթերցել կարելի է Դրայզերի «Քույր Քերին», Ջեկ Լոնդոնի «Գարեհատիկ Ջոնը», Դոստոևսկու «Ոճիր ու պատիժը» կամ Հյուգոյի «Թշվառները», սակայն պատմության դասերը սերտելու ու այն արտաքին քաղաքականության առանցք դարձնելու համար ոչ թե ընթերցում են, այլ ուսումնասիրում, ընդ որում ուսումնասիրում մանրամասն, անում հետազոտություններ, գտնում տեղի ունեցածների պատճառահետևանքային կապը, կարդում բազմաթիվ հեղինակներ ու աղբյուրներ, համեմատում դրանք իրար հետ ու նոր գնահատականներ տալիս կամ գալիս եզրահանգման, թե ո՞րն էր ճիշտ ու որը՝ սխալ։
Ահա այդպիսի մակերեսային ընթերցման արդյունքում է, որ ոմանք փորձում են Վարդան Մամիկոնյանին ներկայացնել որպես արկածախնդիր, իսկ Վասակ Սյունուն՝ պետական գործիչ, մակերեսային ընթերցանության պատճառով է, որ ոմանց աչքում այսօր Ստալինն ու Բերիան հանուն ժողովրդավարության ու ազատության պայքարող առաջամարտիկներ էին, մակերեսային ըներցանության հետևանքով է, որ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության մեջ մեղադրում է բոլորին, այդ թվում հայերին, բացի թուրքերից, մեր դժբախտությունների պատճառը համարում է այն, որ մենք կանգնած էինք ճանապարհների խաչմերուկում ու չէինք գտնում մեր տեղը, իսկ Արցախը մեր զարգացման բեռն էր։
Վերջապես մակերեսային ընթերցանության արդյունք է, որ այսօր քաղաքականությունը Հայաստանում գտնվում է մահամերձ վիճակում, ու յուրաքանչյուր ոք, որը կյանքում մեկ անգամ թերթել է Մաքիավելի, Ժան Ժակ Ռուսո կամ Մոնտեսքյո, հայտ է ներկայացնում Հայաստանը «փրկելու»։
Կարեն Կարապետյան

Русский