Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Կա՛մ կձևավորվի Փաշինյանին հեռացնելու պայքար սոցիալական ցանցերից դուրս, կա՛մ մեզ կմնան միայն այդ ցանցերը

Blog Image

Մենք բոլորս ապրում ենք երկու իրականությունում՝ վիրտուալ և իրական ու երբեմն վիտուալ իրականությունը գերիշխում է իրական կյանքին, ինչը ուղղակիորեն ազդում է բոլոր ոլորտների վրա, ներառյալ քաղաքական-հասարակական գործընթացները։
Երբ երեկ քրեական գործ հարուցվեց Վեհափառի դեմ, սոցիալական ցանցերը եռում էին զայրույթից, բայց փողոցը լուռ էր, սակայն այդ փողոցը ինչ-որ մի ամորֆ մարմին չէ, այն նույնպես բաղկացած է մեզանից, սակայն մեզանում ինքնախաբեությունն այն աստիճան է խորացել, որ մենք սոցիալական տիրույթում առկա զարույթը երբեմն շփոթում ենք իրական դիմադրության հետ ու մեզ թվում է, թե ողջ հանրությունն ապրում է այն նույն օրակարգով, ինչ մենք։

Ահա հենց այդ բաժանարար գծի վրա էլ խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Որպեսզի մենք կարողանանք տապալել նրա ազգակործան ծրագրերը, կասեցնենք նրա պետականակործան ընթացքը ու հասնենք նրա հեռացմանը, պետք է կարողանանք սոցիալական տիրույթում առկա բողոքը տեղափոխել փողոց։ Միակ բանը, ինչից սարսափում է Նիկոլ Փաշինյանը, դա հանրային դժգոհության լայն ալիքն է ու հակազդեցությունը։ Այն նույն քննիչը, որը երեկ համբուրում էր Վեհափառի աջը, իսկ այսօր մեղադրանք է հարուցում, այդպես է վարվում այն պատճառով, որ չի տեսնում հանրային դժգոհության լայն ալիք փողոցում, իսկ սոցիալական ցանցերի գրառումները չեն կարող իրական վտանգ հանդիսանալ, եթե այն չի գեներացվում ու վերածվում փողոցային պայքարի։
Եթե վաղը Վեհափառը կալանավորվի, ցավոք կարող ենք կրկին հանդիպել նույն պատկերին ու այդպես Նիկոլ Փաշինյանը կքայքայել մեր ողջ արժեհամակարգը։

Այս պահից կարելի է հստակ կանխորոշել, որ նրա հաջորդ թիրախը լինելու է հայ ավանդական ընտանիքը, որի քայքայման սերմերը վաղուց են ցանվում ու անպայման վաղը գալու է դրանք հնձելու ժամանակը։ Կյանքը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես ոչինչ չի ասում ու այն ժամանակահատվածում, երբ մենք ծաղրում, քննարկում կամ քննադատում ենք նրա որևէ խոսք, ապա մեր կողմից վատնվող այդ ժամանակահատվածը գործում է հօգուտ նրա, քանի որ գալիս է այն պահը, երբ նա իր նախօրոք ասված որևէ անհեթեթ միտք վերածում է գործի։

Զուր չէր, երբ նա ոչ վաղ անցյալում պատասխանելով իբր ինչ-որ մեկի հարցին, հայտարարեց, որ ինքն ամուսնացած չէ ո՛չ զագսով, ո՛չ էլ Եկեղեցիով։ Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ որևէ մեկը նրան նման հարց չէր տվել, քանի որ ոչ մեկի մտքով չի անցնի 4 երեխա ունեցող ամուսիններին հարցնի, իսկ ձեր ամուսնությունը վավերացվա՞ծ է զագսի վկայականով կամ Աստծո խորանի առջև՝ թե՝ ոչ։ Թե՛ հարցի տերը, թե՛ պատասխանողը նույն մարդն էր՝ Նիկոլ Փաշինյանը։ Սեփական անձի հետ ունեցած այս հարցուպատասխանը կարող է ունենալ ընդամենը մեկ թիրախ՝ հայ ավանդական ընտանիքը։

Ճիշտ նմանատիպ ակնարկներով սկսվեց նրա արշավը Արարատ Լեռան դեմ, նման խոսքերով նա ուրացավ Հայոց Ցեղասպանությունը, այդպես նա սկսեց արհեստական հակադրություն առաջացնել «պատմական» ու «իրական» Հայաստանների մեջ, այդպես ձևավորվեց նրա գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․․․Երբեք մենք ի սկզբանե լուրջ չենք ընդունել նրա ոչ մի ասած, ինչն էլ թերևս եղել է մեր գլխավոր սխալը։ Եթե ժամանակին նրա հակապետական ու հակաազգային մտքերը խեղդվեին բնում, մենք այսօր ականատես չէինք լինի, թե ինչպես է Ադրբեջանը տոնում իր հերթական հաղթանակը, կապված Վեհափառի դեմ հարուցված քրեական գործի հետ։

Հետևաբար ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, կա՛մ կձևավորվի Փաշինյանին հեռացնելու լուրջ ու իրական պայքար սոցիալական ցանցերից դուրս, կա՛մ մենք կմնանք միայն այդ ցանցերում, իսկ նա այդ ընթացքում կփոշիացնի այն ամենը, ինչը ժառանգել ենք հազարամյակների ընթացքում։

Կարեն Կարապետյան

Send