Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան Վերլուծական

2022 թվականի հոկտեմբերից Նիկոլ Փաշինյանն աշխարհը սկսեց տեսնել Ալիևի աչքերով

Blog Image

ՔՊ ներքին ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր «իրական Հայաստան» գաղափարախոսությանը, նշեց, որ «1830-ական թվականներից մինչև 2022 թվականի հոկտեմբեր մենք աշխարհը տեսնում էինք Զատուլինի աչքերով»։

Այնուհետև իրեն այսքան դուր եկած սեփական միտքը նա պրոյեկտեց 2026 թվականի ամռանը սպասվելիք խորհրդարանական ընտրությունների վրա, քաշեց հերթական ջրբաժանը սեփական ՔՊ-ի ու մնացյալ քաղաքական ուժերի միջև՝ շեշտելով, որ «այս ընտրությունները ընթանալու են հետևյալ կոնտեքստով՝ քաղաքական ուժեր, որոնք աշխարհը տեսնում են Հայաստանի Հանրապետության աչքերով, ու քաղաքական ուժեր, որոնք աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով»։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերին, ու հրաժարվելով «Զատուլինի» աչքերից՝ ո՞ւմ աչքերով Նիկոլ Փաշինյանը սկսեց տեսնել աշխարհը։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, այնուհետև սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Տավուշի մարզից տարածքներ, ու այդպիսով այդ գործընթացը կանգ առավ։ Տպավորություն էր, որ այդ հանձնաժողովը ստեղծվել էր միայն Կիրանցը հանձնելու համար։ Տեղավորելով ՀՀ տարածքը 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ՝ Փաշինյանն ակնկալում էր, որ Ալիևը նույնպես պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն փաստացի Ադրբեջանի նախագահը նման բան չարեց։

Ալիևը նույնիսկ Պրահայից հետո չի նշել որևէ քառակուսի կիլոմետր, որոնցում ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եթե հիմք ընդունվի Պրահայում ստորագրված փաստաթուղթը, ապա տեսականորեն Ալիևը փոխադարձաբար ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն պարզ չէ, թե նրա պատկերացումներով այդ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ որտեղ է գտնվում ու ինչ տարածքներ է ընդգրկում։ Որպես ապացույց, որ ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեկան Ջերմուկի տարածքներից, որտեղ ներխուժել էին սեպտեմբեր ամսին, այլև Ալիևը առ այսօր հայտարարում է, որ Հայաստանը դեռևս նոր տարածքներ պետք է հանձնի Ադրբեջանին ու ինտենսիվորեվ գեներացնում է «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։

Պրահայում Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց միայն «Զատուլինի աչքերից» ու ստացավ վերարտադրության երաշխավորություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ջերմուկի տարածքների օկուպացված լինելու հարցը կլուծվի սահմանագծման ու սահմանազատման արդյունքում, իրենից մեծ վտանգ է պարունակում։ Այո, այդ հարցը կարող է լուծվել այդ գործընթացի շրջանակներում, սակայն մեծ է հավանականությունը, որ հղում անելով ինչ-ինչ թվականների քարտեզների, այդ տարածքները կարող են հռչակվել որպես ադրբեջանական, ինչպես Կիրանցի պարագայում։ Արդյունքում ադրբեջանական զորքերը կշարունակեն դիրքավորված մնալ Ջերմուկի մատույցներում, Նիկոլ Փաշինյանն էլ «հարցը կլուծի» սահմանազատմամբ ու սահմանագծմամբ։

Ընտրություններով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հղումները, թե ՔՊ-ի այլընտրանքը պատերազմն է, «Զատուլինի աչքերի» փոխարինողը ՀՀ աչքերն են ու նմանատիպ այլ ձևակերպումների հետևում ընդամենը երևում են Ալիևի ականջները։

Այսօրվա «խաղաղության դարաշրջանը» ունի զուտ նախընտրական բնույթ․ աշխարհում ոչ ոք խնդրելով, անդադար զիջումներով, ազգային արժեքներից ու նպատակներից հրաժարվելով խաղաղության չի հասել։ Նման «խաղաղությունը» կամ հանգեցնում է ավելի մեծ պատերազմի, կամ պետության աստիճանական քայքայմանը։

Իրական խաղաղություն հաստատվում է հզոր բանակով, անվտանգային մեխանիզմներով, ճկուն դիվանագիտությամբ, ազգային շահի գիտակցմամբ, միջազգային վստահելի գործնկերոջ համբավի ձեռբերմամբ, դաշնակցային հուսալի հարաբերությունների ձևավորմամբ, սակայն այդ ամենն ի զորու չէ անել այն մարդը, որը պարտության կրողն է ու ստորագրողը։ Աշխարհում բազմաթիվ պետություններ են պարտության մատնվել, սակայն կարողացել են մեջքը շտկել, քանի որ պարտվածը հեռացել է։ Նույն Ադրբեջանում պարտված Էլչիբեյը հեռացավ։

Հետևաբար Պրահայում հրաժարվելով «Զատուլինի աչքերից»՝ Նիկոլ Փաշինյանն աշխարհին սկսեց նայել Ալիևի աչքերով, որովհետև բոլոր գործընթացները սպասարկում են միայն ադրբեջանական շահը, իսկ Փաշինյանի ձևակերպած ազգային շահը միայն այն է, որ մեզ վրա չեն կրակում։

Կարեն Կարապետյան

Send