Երբ մարդը նենգափոխում է իր քայլերի իրական շարժառիթները, ապա անպայմանորեն լինում են պահեր, երբ ակամայից խոստովանում է, թե հատկապես որոնք են այն պատճառնորը, որ նա դիմում է նման գործողության։ Միայն խոր մտքի ու ինտելեկտի տեր մարդկանց է հաջողվում միչև վերջ չբացահայտվել, իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատ այդ մարդը չէ։
Երբ նա մեկնարկեց գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ամբողջովին փորձում էր տեղավորել այն քաղաքական ուղեծրից դուրս, հիմնական շեշտադրումներն անելով կուսակրոնության ուխտի «խախտման», հոգևորականների «բավարքության» ու անձնական կյանքի վրա։ Սակայն ինչպես ասում են՝ «գողի փախուստը 40 օր է»։
Հանրային Հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խոստովանեց, որ իր հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսվել են այն պահից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այնուհետև առանձին եպիսկոպոսներ պահանջել են իր հրաժարականը, իսկ Բագրատ Սրբազանը մեկնարկել է «Սրբազան պայքարը»։
Այս հայտարարությունը գուցե ակամայից արված խոստովանություն է, որ նախ՝ Եկեղեցու դեմ պայքարն ամբողջովին քաղաքական է, իսկ բանտարկված բոլոր Սրբազանները՝ քաղբանտարկյալներ։ Այլ խոսքով ասած՝ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ մատնանշեց, որ եթե Վեհափառը չպահանջեր իր հրաժարականը, ապա չէր դրվի նրա հեռացման հրամայականը, եթե անգամ նա «խախտեր» կուսակրոնության ուխտը, առանձին Եպիսկոպոսներ չէին հայտնվի բանտում, եթե անգամ ուրիշի միջոցով մեկ այլ պարդու գրպանը «պլան գցեին», կամ իր հայտ չէր գա այդպես էլ հասցեատեր ու գործողությունների պլան չունեցող վիրտուալ «ահաբեկչությունը»։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշում է, որ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, հավելյալ անգամ ընդգծելով Եկեղեցու դեմ արշավի ողջ քաղաքական բնույթը, սակայն այստեղ կա նաև մանիպուլյատիվ բնութագրում։
Իհարկե Սահմանադրությամբ Եկեղեցին անջատ է պետությունից, սակայն եկեղեցին, այլ ոչ հոգևորականները։ Եկեղեցին որպես կառույց չի էլ զբաղվում քաղաքականությամբ, սակայն սահմանադրորեն չկա որևէ դրույթ, որը կարգելի հոգևորականներին, անգամ Վեհափառին ոչ միայն ունենալ քաղաքական դիրքորոշում, այլև արտահայտել այն, ավելին՝ ոչ միայն արտահայտել, այլև գործել այդ դիրքորոշման համաձայն։ Բոլոր հոգևորականները, այդ թվում Վեհափառը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, հետաևաբար խոսքի ազատությունը տարածվում է նաև նրանց վրա։ Եթե հոգևորականներին արգելվում է քաղաքականությամբ «զբաղվել», ապա պետք է նաև զրկվեն ընտրական ձայնի իրավունքից, քանի որ ընտրություններին նույնիսկ որպես ընտրող մասնակցելը նույնպես քաղաքական դիրքորոշման արտահայտման ձև է։
Այսուհետ որևէ ՔՊ-ական իրավունք չպետք է ունենա խոսելու այս կամ այն հոգևորականի «բարեվարքությունից», քանի որ Նիկոլ Փաշինյանը հանեց այդ թեման օրակարգից։ Ողջ շեշտադրումը պետք է արվի հետևյալ տրամաբանությամբ՝ «մենք պահանջում ենք վեհափառի հեռացումը, քանի որ նա պահանջել է մեր վարչապետի հրաժարականը»։
Կարեն Կարապետյան

Русский