Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Գնա բանակ, փող կտանք». արժեհամակարգի «հերն անիծելու» հերթական փորձը

Blog Image

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը՝ զորացրվողներին 1.5-3 միլիոն դրամ տրամադրելու մասին, հանրային քննարկումների նոր ալիք է բարձրացրել։ Առաջարկի պաշտոնական տրամաբանությունն ակնհայտ է․ ֆինանսական խթանով բարձրացնել ծառայության գրավչությունը, նվազեցնել խուսափումների դեպքերը և երիտասարդների համար բանակից հետո ստեղծել որոշակի սոցիալական «մեկնարկային կապիտալ»։

Առաջին հայացքից նախագիծը սոցիալական արդարության տարր ունի․ 1,5 տարվա ծառայությունից հետո երիտասարդը վերադառնում է քաղաքացիական կյանք՝ հաճախ առանց մասնագիտության, աշխատանքի կամ կայուն եկամտի։ Ֆինանսական աջակցությունը կարող է օգնել ուսումը շարունակելու, բիզնես սկսելու կամ բնակարանային հարցը որոշ չափով մեղմելու հարցում։ Այս իմաստով նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես սոցիալական ներդրում՝ պետության կողմից իր պաշտպանական համակարգի հիմքը կազմող երիտասարդների հանդեպ։

Սակայն հարցը միայն սոցիալական չէ։ Այն արժեհամակարգային է։ Երբ պարտադիր զինվորական ծառայությունը սկսում է ուղեկցվել կանխորոշված ֆինանսական փոխհատուցմամբ, առաջանում է սկզբունքային հարց՝ արդյո՞ք դա չի փոխում ծառայության ներքին մոտիվացիան։ Պարտադիր ծառայությունը, ըստ սահմանման, դիտարկվում է ոչ թե որպես աշխատանք, այլ որպես քաղաքացիական պարտք։ Եթե պետությունը այդ պարտքը «գնահատում» է դրամական համարժեքով, արդյո՞ք դա չի վերափոխում ծառայության իմաստը՝ այն տեղափոխելով «պարտք» հարթությունից «ծառայություն՝ վարձատրության դիմաց» տրամաբանության մեջ։

Հայկական հասարակությունում բանակը երկար տարիներ ունեցել է ոչ միայն անվտանգության, այլ նաև մշակութային-խորհրդանշական նշանակություն։ Տղաներին բանակ ճանապարհելու արարողակարգերը, համայնքային մասնակցությունը, նույնիսկ ժողովրդական պատկերացումները (բանակ չգնացածին աղջիկ չէին տալիս) ձևավորել էին ծառայության շուրջ պատվի և հասունացման ինստիտուտ։ Այդ մոդելը կառուցված էր ոչ թե նյութական խրախուսանքի, այլ հասարակական գնահատանքի վրա։

Այստեղ էլ առաջանում է գլխավոր հակասությունը․ եթե ծառայությունը սկսում է ընկալվել որպես ֆինանսական գործարք, արդյո՞ք չի թուլանում հայրենիքի հանդեպ ներքին պարտքի, հողի ու պետության տեր լինելու գիտակցությունը։ Պետությունը, փաստորեն, ասում է՝ «ծառայիր և փող կստանաս»։ Բայց պաշտպանական համակարգի հիմքը պետք է կառուցվի ոչ միայն պայմանագրային շահի, այլ նաև արժեքային ընտրության վրա։ Հակառակ դեպքում բանակը կարող է աստիճանաբար ընկալվել որպես ժամանակավոր աշխատանքային փուլ՝ ոչ թե ազգային անվտանգության հիմնասյուն։

Հետևաբար, եթե ֆինանսական խրախուսանքը դառնա ծառայության միակ մոտիվացիոն գործոնը, ապա դա իսկապես կարող է արժեզրկել պարտքի գաղափարը։ 

Նարե Գնունի

Send