Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արյnւնnտ իրականությnւն և անկարnղ իշխանnւթյnւն. երբ քաղաքում քայլելիu կարnղ եu դառնալ պատաhական զnh

Blog Image

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հանրային հարթակներում հաճախ խոսում են «խաղաղության օրակարգից»․ շեշտվում է, որ սահմանին հարաբերական լռություն է, կրակոցներ չկան, զոհեր չկան, և երկիրը թևակոխում է նոր փուլ։ Սակայն այս պատկերին զուգահեռ հասարակության ներսում ձևավորվում է այլ՝ անվտանգության պակասի զգացողություն հենց երկրի ներսում։

Խնդիրը միայն վիճակագրությունը չէ, այլ այն հանրային տպավորությունը, որ ներքին բռնությունները դարձել են գրեթե առօրյա։ Օրը ցերեկով հրազենային կրակոցներ, փողոցային հաշվեհարդարներ, դանակահարություններ։ Մարդիկ այլևս չեն զարմանում, երբ լսում են, որ մի համայնքում դանակահարություն է եղել, մեկ այլ վայրում՝ սպանություն։

Վերջին ամիսների մի քանի աղմկահարույց դեպքերը դարձան այդ մթնոլորտի խորհրդանիշը։

Կոտայքի մարզի Արամուս համայնքում տեղի ունեցած սպանությունը, որը մեծ արձագանք առաջացրեց, ցույց տվեց, թե որքան խոցելի կարող են լինել նույնիսկ փոքր բնակավայրերը։ Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը դարձավ հերթական օրինակ, երբ հրազենը կիրառվեց օրը ցերեկով՝ բնակելի տարածքում։ Չարենցավանում՝ եկեղեցու տարածքում քաղաքացու դանակահարությունը արդեն այլ հարթություն բացեց․ նույնիսկ սրբավայրում մարդիկ իրենց ապահով չեն զգում։ Եվ, որ ամենասարսափելին է՝ Երևանում երեկ տեղի ունեցածը. 10 քաղաքացի հրազենային վիրավորում ստացավ, նրանցից երկուսը՝ մահացան, մյուսների վիճակը միջին ծանրության է։ 

Այս դեպքերը կարելի է դիտարկել որպես առանձին քրեական պատմություններ։ Սակայն միասին դրանք ձևավորում են ընդհանուր պատկեր՝ ներքին անվտանգության ճգնաժամի մասին խոսող։

Այստեղ առաջանում է հիմնարար հարցը․ եթե արտաքին ճակատում հարաբերական լռություն կա, ապա արդյո՞ք պետությունը կարողացել է ապահովել ներքին կարգուկանոնը։ Խաղաղությունը միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև այն է, երբ քաղաքացին վստահ է, որ իր քաղաքում, գյուղում, փողոցում չի դառնա պատահական զոհ։

Իշխանությունները հաճախ մատնանշում են, որ հանցագործությունների բացահայտման տոկոսը բարձր է։ Սակայն հանրային ընկալման մեջ առաջնայինը կանխարգելումն է, ոչ թե հետագա բացահայտումը։ Եթե կրակոցներն ու սպանությունները շարունակվում են, ապա խոսքը ոչ թե միայն իրավապահ համակարգի ծանրաբեռնվածության, այլ կառավարման անարդյունավետության մասին է։

Այս ամենի ֆոնին առաջանում է քաղաքական հարցադրում՝ արդյո՞ք սա իշխանության անկարողության դրսևորում չէ։

Երբ հայտարարվում է «խաղաղության դարաշրջան», բայց քաղաքացին իր առօրյայում ավելի հաճախ է լսում կրակոցի ձայն, ապա այդ խաղաղությունը ընկալվում է որպես ձևական։

Խաղաղությունը պետք է լինի ամբողջական՝ և՛ սահմանին, և՛ երկրի ներսում։ Իսկ մինչև ներքին բռնության ալիքը չկասեցվի, «խաղաղության» մասին հայտարարությունները շատերի համար կմնան կիսատ և հակասական։ 

Նարե Գնունի

Send